Մատչելիության հղումներ

Բրյուսելը այսօր քննարկում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Պատժամիջոցների երրորդ փաթեթը, ըստ եվրոպացիների, ամենակոշտն է մինչ օրս ընդունվածների մեջ:

Եվրամիության կառավարությունն այսօր Բրյուսելում քննարկում է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ մեղադրելով Կրեմլին ուկրաինական ճգնաժամին նպաստելու և ռուսամետ անջատողականներին շարունակաբար զենք մատակարարելու համար:

Նոր պատժամիջոցների հարցն առաջ եկավ Ուկրաինայի արևելքում մալազիական ինքնաթիռի կործանումից հետո, «մենք պարտավոր ենք հստակ և կոշտ ուղերձ հղել Կրեմլին»՝ հայտարարեց Լիտվայի արտգործնախարարը:

Թեև պատժամիջոցները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն դիվանագետները չեն թաքցնում, որ Միության անդամ 28 երկրների շարքում արդեն սկզբունքային համաձայնություն կա սահմանափակումներ մտցնել ֆինանսական, պաշտպանության ու տեխնոլոգիաների ոլորտներում:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, մասնավորապես, այս անգամ Բրյուսելը կարող է արգելել ռուսական զենքի ներմուծումը Եվրոպա, ինչի արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը մեկ տարվա ընթացքում կարող է ավելի քան 3 միլիարդ եվրոյի վնաս կրել:

Ի տարբերություն նախորդ պատժամիջոցների, երբ սառեցվում էին միայն պաշտոնյաների անձնական հաշիվներն ու արգելափակվում էր նրանց մուտքը ԵՄ տարածք, այս անգամ, հնարավոր է, սահմանափակումներ մտցվեն նաև ռուսական այն բանկերի նկատմամբ, որոնց կապիտալի 50 տոկոսից ավելին պատկանում է պետությանը: Եվրոպական այս նոր «սև ցուցակում» կարող են հայտնվել «Սբերբանկ»-ը, ՎՏԲ-ն, «Վնեշէկոնոմբանկ»-ն ու «Ռոսսելխոզբանկ»-ը, ինչը ևս, ըստ փորձագետների, լուրջ հարված կարող է հասցնել ռուսական տնտեսությանը:

Պատժամիջոցների երրորդ փաթեթով, որը, ըստ եվրոպացիների, ամենակոշտն է մինչ օրս ընդունվածների մեջ, Բրյուսելը կարող է նաև սառեցնել ռուս օլիգարխների հաշիվներն ու մուտքը Միության տարածք: «Մենք պետք է առաջին հերթին հենց նրանց՝ օլիգարխներին հարված հասցնենք», - հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը:

Ընդ որում, եվրոպացի պաշտոնյաների այս դիրքորոշումը կարծես արդեն սկսել է արդյունքներ տալ: Նախօրեին Der Spiegel-ը, հղում անելով Գերմանիայի հատուկ ծառայություններին, գրեց, թե ռուսական վերնախավում լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել ուժայինների և օլիգարխների միջև, մի շարք մեծահարուստներ, մասնավորապես, այժմ փորձում են կանգնեցնել Պուտինին՝ սեփական բիզնեսը փրկելու համար:

Նրանց մտավախությունները հիմնավոր են, իր հերթին փաստել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, ում հաշվարկներով` Արևմուտքի սահմանած պատժամիջոցների արդյունքում ընդամենը մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը կարող է կորցնել իր տնտեսական հզորության մինչև 20 տոկոսը:

Առավել մռայլ են նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի կանխատեսումները: «Եթե Արևմուտքի պատժամիջոցները տարածվեն ռուսական ողջ ֆինանսական շուկայի վրա, մեր տնտեսությունը կարող է փլուզվել ընդամենը վեց շաբաթվա մեջ», - գերմանական Der Spiegel-ի հետ զրույցում ասել է Կասյանովը, ով, հիշեցնենք, Պուտինի նշանակած վարչապետն էր նրա նախագահության առաջին չորս տարիներին:

XS
SM
MD
LG