Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մի քանի օրից հինգշաբաթյա ժամկետով մեկնելու են հանգստի, և նախագահ Բարաք Օբաման հորդորում է օրենսդիրներին այս մեկ շաբաթն օգտագործել երկրի հարավային հարևան պետություններից այստեղ ժամանած առանց փաստաթղթերի տասնյակ հազարավոր երեխաների խնդիրը լուծելու համար։

ԱՄՆ-ի քաղաքականապես բաժանված Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ անօրինական փախստականների խնդիրը լուծելու հարցում, երբ հանրապետականներն ասում են, թե այն լուծելու համար Օբամայի առաջարկած ֆինանսական հատկացումներին կողմ կքվեարկեն միայն այն դեպքում, երբ նախ և առաջ փոփոխության ենթարկվեն ներգաղթի մասին օրենքները։

«Չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ունենա հեշտությամբ այստեղ գալու ու հեշտությամբ այստեղ մնալու հնարավորություն։ Այլապես սա կտանի դեպի քաոս»,- ասում է սենատոր Ջոն Քորնին։

Քորնին համահեղինակն է օրենքի այն նախագծի, որը նախատեսում է սահմանափակել Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ ժամանած անձանց փախստականի կարգավիճակ տալու գործընթացը։

Նախագահ Օբաման հորդորում է Կոնգրեսին արագ գործել։ «Հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյնըրն ու պալատի հանրապետականներն օգոստոսին մեկ ամսով արձակուրդի չեն մեկնի, քանի դեռ չեն լուծել այս հարցը»,- ասել է նա։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյնըրը սակայն ասում է, թե չնայած այս ամսվա սկզբին վարչակազմը ինչ-որ քայլեր էր կատարում փոփոխության ենթարկելու օրենքները, որպեսզի արագացվի այս երեխաներին ետ՝ իրենց երկրներ ուղարկելու գործընթացը, նախագահն ու նրա թիմն այժմ հետ են կանգնում այդ քայլից։

Դրա բացատրությունը գուցե Կենտրոնական Ամերիկայի երեք երկրների նախագահների կողմից անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցն էր, որտեղ նրանք խնդրում էին «մարդկային վերաբերմունք» ցուցաբերել իրենց քաղաքացիների նկատմամբ։

«Մեր երեխաներին պետք է վերաբերվեն ինչպես բոլոր երեխաներին, ու հարգեն նրանց մարդկային իրավունքները»,- հայտարարել է Հոնդուրասի նախագահը։

Իսկ այս ընթացքում առանց փաստաթղթերի ու առանց ծնողների ուղեկցության երեխաների հոսքը շարունակվում է դեպի ԱՄՆ։ Ու քանի դեռ Կոնգրեսը մտածում է, թե ինչ պետք է արվի, Թեքսաս նահանգի կառավարիչ Ռիք Փերրին արդեն դիմում է գործողությունների, ում հրամանով ազգային պահակախմբի ջոկատներ են տեղակայվում Մեքսիկայի ու իր նահանգի սահմանի երկայնքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG