Մատչելիության հղումներ

The Economist պարբերականը «Ստերի սարդոստայն» վերնագրված հոդվածում խիստ քննադատության է ենթարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան համարելով Ուկրաինայի տարածքում մալազիական «Բոինգ»-ի կործանման մեղավորը:

Թերթը Պուտինին կրկնակի մեղավոր է համարում տեղի ունեցած աղետի համար:

«Նախ, հրթիռային համակարգը անջատականներին է տրամադրել Ռուսաստանը, իսկ ինքնաթիռի կործանումից հետո այն թաքուն վերադարձվել է Ռուսաստան: Եվ երկրորդ, Պուտինը մեղավոր է տեղի ունեցածի մեջ ավելի լայն իմաստով: Սա նրա պատերազմն է»,- գրում է թերթը և շարունակում,- պարոն Պուտինը փորձում է հայրենասեր երևալ, բայց իրականում նա սպառնալիք է: Սպառնալիք միջազգային նորմերին, իր հարևանների ու հենց իր հիստերիկ հակաարևմտյան քարոզչությունից թմրած ռուսների համար: Ժամանակն է, որ աշխարհը նայի այն վտանգի դեմքին, որն իրենից ներկայացնում է Պուտինը: Եթե նրան հակահարված չհասցնենք, հետո ավելի վատ է լինելու»:

Պենտագոնն ու ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախագծեր են մշակում, որոնք թույլ կտան Օբամայի ադմինիստրացիային հայտնել ուկրաինական կառավարությանը «երկիր-օդ» հրթիռային համակարգերի հստակ գտնվելու վայրը, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները կարողանան ոչնչացնել դրանք: Խոսքը Ուկրաինայի արևելքում ու անջատականների ձեռքում գտնվող կոմպլեքսների մասին է, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

«Բայց, նախագահի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, այս առաջարկը դեռևս Սպիտակ տանը բանավեճի չի դրվել»,- գրում է թերթը։

Թերթը հիշեցնում է, որ նախկինում Օբաման հավանություն էր տալիս ամերիկյան հետախուզական տվյալները սահմանափակ քանակով Ուկրաինային տրամադրելուն, բայց հայտնի չէ՝ կհամաձայնի Օբաման տեղեկատվություն փոխանցել հնարավոր թիրախների մասին: New York Times-ի գնահատմամբ՝ այս քայլը կնշանակի ավելի խորը ներգրավում ուկրաինական կոնֆլիկտում:

Financial Times-ն անդրադառնում է ԱՄՆ կողմից հրապարակված լուսանկարներին, որոնցում, համաձայն ամերիկյան կողմի, երևում է, թե ինչպես է Ռուսաստանը ռմբակոծում Ուկրաինայի տարածքները: Թերթը մեջբերում է գեներալ, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսի խոսքերը.- «Ռուսաստանն առաջին անգամ, երևի 1939 թվականից հետո գիտակցված որոշում է կայացրել իր զինված ուժերը այլ ինքնիշխան պետության ներսում օգտագործելու մասին՝ սեփական նպատակներին հասնելու համար»:

FT-ն սա համարում է ակնարկ 1939-ին Ստալինի՝ Լեհաստան ներխուժման մասին՝ հավելելով, որ ԱՄՆ կողմից պատժամիջոցների նոր փուլ կարող է սկսվել, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն այս շաբաթվա ընթացքում:

Ռուսական «Վեդոմոստի»-ն մասնագետների կարծիքն է հարցրել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստի այն հայտարարության վերաբերյալ, որ ռուսներն ու անձամբ Վլադիմիր Պուտինն են մեղավոր մալազիական «Բոինգ»-ի կործանման մեջ։ Թերթի հետ զրույցում Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Անատոլի Ադամաշինը այս հայտարարություններն աննախադեպ է որակում, քանի որ առանց սպասելու հետաքննության ավարտին, ամերիկյան կառավարությունը երկրին ու նախագահին մեղադրանքներ է առաջադրում:

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարինն էլ կարծում է, որ Սպիտակ տան հայտարարությունն ուղղված էր նախևառաջ Եվրամիությանը. - «Դա նշան էր դաշնակիցներին, հիմա սուր քննադատությամբ են հանդես գալիս նույնիսկ Գերմանիայի ներկայացուցիչները, որոնք սովորաբար ավելի համեստ են հայտարարություններում»,- նշում է քաղաքագետը:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Օլգա Պավլենկոն էլ համարում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները անձնական հակամարտության բնույթ են սկսում կրել.- «Արդեն կարևոր չէ՝ ինչպիսին կլինեն օդանավի աղետի հետաքննության արդյունքները, քանի որ զանգվածային հարձակում է տեղի ունենում Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացման համար»:

Ռուսական «Կոմերսանտ»-ը գրում է, որ ԵՄ պատժամիջոցներից կարող են տուժել նաև արտասահմանյան ընկերությունները: Թերթը հղում անելով բրիտանական The Guardian-ին նշում է, որ նոր պատժամիջոցների հնարավոր զոհերից մեկը կարող է դառնալ BP ընկերությունը:

«Դեռևս նավթահանող ընկերությունը ոչ մի կերպ չի անդրադառնում իր շուրջը կատարվող իրադարձություններին ու շարունակում է իր բիզնեսը Ռուսաստանում, ինչպես մինչև պատժամիջոցների կիրառումից առաջ: Բացի այդ, այս բրիտանական ընկերությանն են պատկանում ռուսական «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը: Էներգետիկ սեկտորի տեխնիկայի մատակարարման վրա արգելք դնելը խաչ կքաշի BP-ի՝ Արկտիկայում նավթահանման պլանների վրա: Միաժամանակ նշվում է, որ դժվար թե ԵՄ-ն գազային հատվածը պատժամիջոցների ցանկում ներառի՝ հաշվի առնելով եվրոպական շուկայի՝ ռուսական գազից կախում ունենալու հանգամանքը: Շարունակվող ճնշմանը Ռուսաստանը կարող է պատասխանել՝ սահմանափակելով արևմտյան ընկերություններին մետաղի մատակարարման քանակը: Այս դեպքում ամենից շատ կտուժի Boeing-ը, որը մետաղի մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից»,- գրում է «Կոմերսանտը»:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG