Մատչելիության հղումներ

Լավրով. «Մոսկվան պատժամիջոցներից չի վախենում»


«Որևէ քաղաքական նախաձեռնություն մեր արևմտյան գործընկերներից ես չեմ տեսել և չեմ լսել»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Մոսկվան հուսով է, որ «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ 777»-ի կործանման պատճառների ուսումնասիրման համար ստեղծված միջազգային հանձնաժողովն արդար ուսումնասիրություն կանցկացնի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի գործընկերները, այսինքն՝ Արևմուտքը, կհրապարակեն այն տվյալները, որոնց մասին խոսում է և որոնց հղում է անում։

Մոսկվայի համոզմամբ՝ «Բոինգ»-ի կործանման հետաքննությունը պետք է անցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո։

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Լավրովը ասել է, որ այն պետք է կարգավորել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով։

«Այդ ուղղությամբ Ռուսաստանը վերջին ամիսներին զգալի աշխատանք է կատարել, սակայն ինչ-որ մեկը ցանկանում է, որ ուկրաինական ճգնաժամը շարունակվի և խորանա»,- ասել է Լավրովն՝ ընդգծելով, որ ճգնաժամի խորացման հիմնական պատճառը այն է, որ Կիևը հրաժարվում է բանակցություններ անցկացնել Դոնեցկի և Լուգանսկի անջատողականների հետ։

«Ես ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել եմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահման և խոստացել նրանց աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- հայտարարել է Լավրովը։

Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցներին, արտգործնախարարն իր մտահոգությունն է հայտնել, որ քաղաքական երկխոսության փոխարեն Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանում։

«Որևէ քաղաքական նախաձեռնություն մեր արևմտյան գործընկերներից ես չեմ տեսել և չեմ լսել։ Նրանք ասում են, որ Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը, սակայն ինչ են սրա տակ հասկանում՝ ես չգիտեմ»,- ասել է Լավրովն ու հավելել.- «Պատժամիջոցներից Մոսկվան չի վախենում, իսկ Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների արդյունքում է'լ ավելի կուժեղանա»։

Անդրադառնալով Ղրիմին՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը։

«Ղրիմը Ռուսաստանի տարածքն է, և որևէ բանակցություններ այս թեմայով չեն եղել, չեն էլ կարող լինել։ Ղրիմի հետ կապված բոլոր որոշումներն արդեն կայացվել են մարտի 17-ին»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG