Մատչելիության հղումներ

Վրաստանի գլխավոր դատախազությունը որոշել է որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության փակման և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականության առգրավման հետ կապված քրեական գործի շրջանակներում:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, դատախազության այսօրվա հաղորդագրությունում ասված է, որ տվյալ գործով անցնում են նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Քրեական գործը հարուցվել է «տուժածի արժանապատվությունը նվաստացնելով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման» հատկանիշներով, ինչի համար սահմանված է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննության էր կանչել՝ պահանջելով, որ նա վերադառնա Վրաստան: Ի պատասխան՝ նախկին նախագահը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով Վրաստանի ներկայիս իշխանություններին իրեն քաղաքական հետապնդման ենթարկելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG