Մատչելիության հղումներ

Թուրք ռեժիսորի նոր ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է


Կադր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմից
Կադր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմից

Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում «Ոսկե Առյուծի» հավակնող քսան ֆիլմերի շարքում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The Cut) ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինը, ով իր ֆիլմերով աչքի է ընկել նաև Կաննի և Բեռլինի կինոփառատոններում:

Ֆիլմի պաշտոնական համառոտ նկարագրությունում, մասնավորապես, ասված է․

«1915 թիվ: Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ձերբակալում է բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին:

Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ: Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետև՝ Հյուսիսային Դակոտա»:

Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: «Սպի»-ում նկարահանվել են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին:

Սցենարը գրել են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը և Մարտիկ Մարդինը: Վենետիկի կինոփառատոնի ընթացքում կայանալու է «Սպի» ֆիլմի միջազգային պրեմիերան: Այն դեռ Կաննի կինոփառատոնի ընթացքում պետք է ցուցադրվեր, սակայն ռեժիսորը հրաժարվել է մասնակցությունից՝ իր որոշումը հիմնավորելով անձնական պատճառներով՝ չմանրամասնելով, այդուհանդերձ, թե որոնք են այդ պատճառները:

Հիշեցնենք, որ 2010-ին Աքինը ներկա էր Երևանում անցկացվող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին իր «Հոգու խոհանոց» ֆիլմով:

Աքինի նոր՝ «Սպի» ֆիլմն ամփոփում է ռեժիսորի «Սեր, մահ և չարք» եռապատումը:

Խոսելով ֆիլմի մասին՝ նա ասել է․ - «Կարծում եմ՝ չարը մեր մեջ գոյություն ունի մեր ծննդյան օրից: Չարիքը կարծես թե բարուց շեղվելու ընթացքն է, սակայն կա նաև հակառակ գործընթացը: Այս երկու հասկացությունները շատ սերտ կապված են իրար: Օրինակ՝ շատ գեղեցիկ մարմինը կարող է իր ներսում քաղցկեղ ունենալ, կամ միևնույն մարդը ընդունակ է և՛ ամենահրաշալի քայլերի, և՛ ամենազազրելի հանցագործության: Կարծում եմ, որ մարդիկ այս երկու հասկացությունների վերափոխումների մեջ են ապրում»:

«Սպի» ֆիլմը իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրություն է: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:

Ֆիլմի բյուջեն կազմել է 15.5 միլիոն եվրո:

Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG