Մատչելիության հղումներ

Գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանցիները կրակել են ոչ միայն դաշտում աշխատող կոմբայնի, այլև Կարմիր Խաչի ներկայացուցիչների մեքենայի ուղղությամբ:

Կիրակի օրը Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղը կրկին գնդակոծվել է։ «Ազատության» հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասաց, որ կրակել են գյուղի դաշտում աշխատող կոմբայնի վրա՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պահին։

Ըստ գյուղապետի՝ Կարմիր Խաչը նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որ այդ ժամերին կրակոցներ չլինեն և գյուղացիները կարողանան դաշտում աշխատել, մինչդեռ հակառակորդը պայմանավորվածությունը խախտել է և, ըստ Սաղոյանի, կրակել է ոչ միայն կոմբայնի, այլև տեղում գտնվող Կարմիր Խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։

Կոմբայնը Չինարի էին բերել հարևան Մովսես գյուղից։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կոմբայնը դաշտից դուրս են բերել կրակահերթի տակ։

«Կոմբայնը տարել էի Չինարի գյուղ երկու օրով օգնության, Կարմիր Կաչի պայմանավորվածություն էր, ժամը լրանալուց երեք րոպե առաջ՝ երեկոյան 7-ին 3 պակաս սկսեցին կրակոցները, կոմբայնը մնաց դաշտում, երեկ ենք տեղափոխել, տեղափոխելու պահին էլ հետևից կրակոցներ եղան», - փոխանցեց Ավալյանը:

Բարեբախտաբար, գնդակոծության արդյունքում վիրավորներ չկան, մինչդեռ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով՝ եթե դաշտում չկարողանան աշխատանքներ կատարել, գյուղացիները առանց հացի կմնան։

Հիշեցնենք՝ ընդամենը երկու օր առաջ Տավուշի սահմանամերձ գյուղերում իրավիճակը խիստ լարված էր։ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի բնակիչները ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով ավելի քան 6 ժամ անցկացրել էին նկուղներում:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած գիշեր կրակոցներ գրեթե չեն եղել։

«Հատուկենտ դիրքային կրակոցներ են եղել, գիշերը կրակոցներ չի եղել, բայց հանգստությունը հարաբերական է», - ասաց գյուղապետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG