Մատչելիության հղումներ

logo-print

Human Rights Watch-ը նախազգուշացրել է Ուկրաինայի կառավարությանն ու անջատականներին


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինների և կառավարամետ աշխարհազորայինների կողմից հուլիսի 12-21-ը առնվազն չորս անգամ «Գրադ» տեսակի հրթիռների գործածման հետևանքով զոհվել է 16 քաղաքացիական անձ և վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ ապստամբների կողմից վերահսկվող Դոնեցկում և դրա արվարձաններում:

Human Rights Watch-ը նաև նշում է, որ «Գրադ» տեսակի հրթիռներ կիրառվել են ոչ միայն կառավարական և կառավարամետ ուժերի կողմից, այլ նաև ապստամբների կողմից:

Չթիրախավորված հրթիռների կիրառումը բնակեցված տարածքներում համարվում է միջազգային մարդասիրական օրենքների և պատերազմական օրենքների խախտում, և կարող է համարվել պատերազմական հանցագործություն:

«Գրադները» ուղղորդվող հրթիռներ են, որոնք չեն կարող ճշգրիտ թիրախավորել և միշտ արձակվում են բազմակիր հրթիռային կայաններից և ընդգրկում մեծ տարածքներ», - նշում է Human Rights Watch-ը:

Human Rights Watch-ը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության կողմերին, հատկապես Ուկրաինայի կառավարական ուժերին կոչ է անում քաղաքացիական անձանց սպանելու և վիրավորելու հավանականության պատճառով դադարեցնել «Գրադ» տեսակի հրթիռների կիրառումը բնակեցված տարածքների շրջակայքում:

Human Rights Watch-ը նաև նշում է, որ ապստամբներն էլ կարող են նվազեցնել իրենց կողմից վերահսկվող տարածքներում քաղաքացիական անձանց սպառնացող ռիսկերը, եթե խուսափեն հոծ բնակեցված տարածքներում ռազմական ուժեր և զենքեր տեղակայելուց:

Չնայած ուկրաինական կառավարության պաշտոնյաները և Ազգային պաշտպանության ծառայությունը հերքում են Դոնեցկում «Գրադ» տեսակի հրթիռների գործածման փաստը Human Rights Watch-ի հետաքննությունը հրթիռակոծության վայրում հստակ ցույց է տալիս, որ կառավարական ուժերն են պատասխանատու հուլիսի 12-21ը գրանցված հարվածների համար:

Չորս հարվածներն էլ տեղի են ունեցել կառավարական ուժերի և ապստամբների շփման առաջին գծում: Human Rights Watch-ի կողմից հետազոտված ազդեցության արկաձագարները գետնի և շինությունների վրա բնորոշ են հրթիռային հարձակումներին, այլ ոչ թե հրետանային ռմբակոծությունը: Բոլոր չորս դեպքերում թե՛ արկաձագարների անկյունները, թե՛ ուրվագծերը և թե՛ այն, որ դրանք առկա են շփման գծի շինությունների վրա վկայում է այն մասին, որ հրթիռներն արձակվել են ուկրաինական կառավարական ուժերի կամ կիևամետ զինված խմբերի կողմից:

Ճակատային գծին հարվածների մոտիկությունը նույնպես անհավանական և որոշ դեպքերում էլ անհնար է դարձնում այդ հարձակումների համար ապստամբների պատասխանատվությունը: Հարձակումներից երկուսի համար, երբ հրթիռները ընկել են ապստամբների ռազմաբազայի և անցակետերի հարևանությամբ և միաժամանակ վնասել են բնակեցված տարածքներ պատասխանատու են կառավարական ուժերը:

«Human Rights Watch»-ը նաև նշում է, որ ապստամբները վտանգել են քաղաքացիներին և խախտել են պատերազմական կանոնները, քանի որ չեն խուսափել բնակեցած տարածքներում ռազմական ուժեր և զենքեր տեղակալուց:

Հարձակումներից մեկի ժամանակ անջատողական ուժերը իրենց ռազմաբազան տեղակայել էին քաղաքի կենտրոնում, և երբ հրթիռը հարվածել է նրանց բազային վնասել է մոտակայքում գտնվող բնակելի տարածքը: Պատերազմական օրենքների խախտումը հակամարտության մասնակիցներից մեկի կողմից չի արդարացնում մյուս կողմի խախտումները:

«Ուկրաինայի իշխանությունները պետք է կարգադրեն իրենց ուժերին և աջակցող կամավորական խմբավորումներին անհապաղ դադարեցնել «Գրադ» տեսակի հրթիռների կիրառումը բնակեցված տարածքներում, իսկ ապստամբական ուժերը պետք է խուսափեն հոծ բնակեցված տարածքներում տեղակայվելուց» հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Օլե Սոլվանը, հավելելով, որ «բոլոր կողմերի հրամանատարները պետք է հասկանան, որ մի օր կարող են իրավական հետևանքներ կրել իրենց գործողությունների համար»:

Human Rights Watch-ը կոչ է արել Ուկրաինայի միջազգային աջակիցներին համոզել այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական օրենքին և դադարեցնել բնակեցված տարածքներում «Գրադ» տեսակի հրթիռների գործածումը:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG