Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլը՝ ԵՄ նոր պատժամիջոցների մասին


Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, մալայզիական ինքնաթիռի աղետը, սանկցիաների խստացման ռիսկն ու Ռուսաստանի տնտեսության չբարելավվող վիճակը տվել են իրենց արդյունքը՝ ներդրողները փախչում են Ռուսաստանից:

Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ EPFR Global-ի տվյալներով՝ հուլիսի 17-ից 23-ը Ռուսաստանից դրամական միջոցների արտահոսքը կազմել է 172 միլիոն դոլար: Այս ցուցանիշն ամենաբարձրն է այս տարվա հունվարի վերջից սկսած:

«Իզվեստիան» գրում է Կանադայի կողմից սահմանված պատժամիջոցների մասին: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարել է ռուսական մի շարք ընկերությունների ու բանկերի՝ պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկելու որոշման մասին: Սահմանափակումները տարածվում են «Գազպրոմբանկի», «Վնեշէկոնոմբանկի», «Նովատեկ» գազային ընկերության, «Ալմազ-Ատեյ» կոնցեռնի ու մի շարք այլ ընկերությունների վրա:

Կանադայի վարչապետի խոսքով՝ պատժամիջոցները ենթադրում են ցանկում հայտնված էներգետիկ ընկերությունների ու ֆինանսական հաստատությունների վարկավորման դադարեցում:

Բացի այդ, Կանադան տարածել է պատժամիջոցները նաև ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ու դրանց բարձր ղեկավարության վրա:

«ԷռԲեԿա» թերթը, անդրադառնալով ԵՄ պատժամիջոցների այն կետին, որով արգելանք է դրվում Ռուսաստան զենքի ներկրման վրա, դա անվանում է «անօգուտ էմբարգո»: Թերթը գրում է, որ Եվրոպան քիչ զինամթերք է արտահանում Ռուսաստան՝ 300 միլիոն եվրոյի, այն դեպքում, երբ Ռուսաստանից ԵՄ երկրներ 3,2 միլիարդ դոլարի զինամթերք է արտահանվում: Թերթը, հղում անելով Financial Times-ին, նշում է, որ 2000 թվականից ի վեր Ռուսաստանը ԵՄ երկրների հետ ընդամենը տասը պայմանագիր է կնքել զենքի արտահանման համար, իսկ Ռուսաստանի միակ խոշոր գնումը ֆրանսիական «Միստրալ» տեսակի ուղղաթիռատար նավերի ձեռք բերումն է, իսկ այդ գործարքի արժեքը մոտ 1,2 միլիարդ եվրո է կազմել:

Գերմանացի մի շարք պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը պետք է զրկվի 2018-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից: «Նեզովիսիմայա գազետա»-ն մեջբերում է Գերմանիայի խորհրդարանում իշխող աջակենտրոն կոալիցիայի նախագահ Մայքլ Ֆուքսի խոսքերը․ - «ՖԻՖԱ-ն պետք է մտածի այն մասին, թե արդյոք Մոսկվան հարմար վայր է աշխրահի առաջնության անցկացման համար, եթե այն նույնիսկ չի կարողանում ապահովել անվտանգ ավիաթռիչքներ: Գերմանիան կամ Ֆրանսիան կարող են անցկացնել այդ առաջնությունը»:

Այսօր արդեն ՖԻՖԱ-ն պաշտոնապես արձագանքել է գերմանացի պաշտոնյաների առաջարկին՝ հայտարարելով, որ սպորտային մրցաշարերի բոյկոտը կամ քաղաքական մեկուսացումը խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակը չէ: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է 2018-ի հունիսի 8-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG