Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիրները 4.5 տարվա ազատազրկման դատապարտվեցին


Ռուսաստան - Ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաևը դատարանի դահլիճում՝դատավճռի հրապարակումից հետո, Մոսկվա, 24-ը հուլիսի, 2014 թ․
Ռուսաստան - Ընդդիմադիր Լեոնիդ Ռազվոզժաևը դատարանի դահլիճում՝դատավճռի հրապարակումից հետո, Մոսկվա, 24-ը հուլիսի, 2014 թ․

Ազատազրկման դատապարտված Ուդալցովը և Ռազվոզժաևը իրենց մեղքը չեն ընդունել, իրավապաշտպանը դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է որակում:

Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի երեկոյան մեղավոր ճանաչեց ընդդիմադիրներ, ձախ դաշտի առաջնորդներ Սերգեյ Ուդալցովին և Լեոնիդ Ռազվոզժաևին և դատապարտեց նրանց 4.5-ական տարվա ազատազրկման:

Դատավճռի համաձայն՝ Ուդալցովն ու Ռազվոզժաևը վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի պատվերով 2012 թվականի մայիսի 6-ին՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին անկարգություններ են կազմակերպել Մոսկվայի կենտրոնում:

Ուդալցովը և Ռազվոզժաևը իրենց մեղքը չեն ընդունել: Ընդդիմադիրները համոզված են, որ մայիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները զանգվածային անկարգություններ չեն, իսկ բախումները, նրանց պնդմամբ, կազմակերպել են հենց իշխանությունների ներկայացուցիչները՝ որևէ բախում չէր լինի, եթե իրավապահները չփակեին հրապարակը:

Իշխանությունները, իրենց հերթին, ասում են, որ անկարգությունները նախօրոք ծրագրված էին:

Ի դեպ, Ուդալցովի նախկին թիմակից Կոնստանտին Լեբեդևն իր նախկին ընկերոջ դեմ ցուցմունք է տվել՝ համաձայնելով իշխանությունների առաջ քաշած վարկածին:

Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան էլ հայտարարել է, որ դատավճիռը քաղաքական հաշվեհարդար ու պատվեր էր:

Առնվազն վերջին կես տարվա ընթացքում այսպես կոչված «Բոլոտնայայի գործը» այլևս հասարակության ուշադրության կենտրոնում չէր: Իսկ ռուսաստանցիներն այլևս դուրս չեն գալիս մարդաշատ ցույցերի՝ ի պաշտպանություն այս գործով դատվածների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG