Մատչելիության հղումներ

Պուտինի դստերն արտաքսելու կոչ հոլանդացիներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Երեկ հակապուտինյան ակտիվիստներն աշխարհի տարբեր անկյուններից Թվիթերում տարածել են Պուտինի դստեր բնակարանի հասցեն և կոչ արել հոլանդացիներին բողոքի ցույցեր կազմակերպել:

Ըստ անգլիական Daily Mail պարբերականի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դստերը երկրից արտաքսելու կոչերը հնչել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա ամուսնու հետ բնակվում է Հոլանդիայում:

«Նրա հորը շատերն են մեղադրում Նիդերլանդների 193 քաղաքացիների մահվան մեջ, այնպես որ` Հաագայի բարետես մի թաղամասում բնակվող Մարիա Պուտինայի հարաբերություններն իր հարևանների հետ պետք է բավական լարված լինեն», - շարունակում է հոդվածագիրը՝ նշելով, որ 28-ամյա Մարիայի ամուսինը 34-ամյա Յորիդ Ֆասոնն է, ով ռուսական խորհրդատվական մի ընկերությունում զբաղեցնում է ղեկավար պաշտոն:

Թերթի տվյալներով՝ հենց Ֆասոնին է պատկանում երկհարկանի շքեղ բնակարանը, որտեղ զույգը բնակվում է:

Երեկ հակապուտինյան ակտիվիստներն աշխարհի տարբեր անկյուններից Թվիթերում տարածել են այդ բնակարանի հասցեն և կոչ արել հոլանդացիներին բողոքի ցույցեր կազմակերպել: Բրիտանական թերթը մեջբերում է Թվիթերի օգտատերերից մեկի գրառումը․ - «Հարգելի հոլանդացիներ, եթե ուզում եք այցելել Պուտինի դստերը, ահա նրա հասցեն»:

Daily Mail-ը հայտնում է, որ «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» օդանավի աղետի զոհերից 9-ը Հաագայի բնակիչներ են՝ 4-հոգանոց ընտանիք, տեղացի մի նկարիչ և նորապսակներ, ովքեր մեկնում էին մեղրամիսն անցկացնելու:

Հոլանդական Հիլվերսումի քաղաքապետ Պիտեր Բրորտյեսը երեկ տեղական ռադիոկայաններից մեկի հետ զրույցում պահանջել է երկրից արտաքսել Պուտինի դստերը, սակայն ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ ասելով, որ իր պահանջները կշռադատված չէին:

Պարբերականը գրում է նաև, որ չորեքշաբթի երեկոյան Մարիա Պուտինայի բնակարանի զանգին պատասխանող չկար: Հարևաններն էլ խուսափել են որևէ տեղեկություն տալ նրա մասին՝ ասելով, որ նախընտրում են չպատասխանել որևէ հարցի: Նրանցից մեկն էլ ասել է, թե կան բաներ, որոնց մասին ավելի լավ է չիմանալ:

«Մարիա Պուտինայի և ամուսնու բնակարանը գտնվում է Հաագայի քաղաքապետարանի շենքից ոչ հեռու, որտեղ մալազիական «Բոինգ»-ի կործանման կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում աղետի զոհերի հարազատներն ու ընկերները գրառումներ են թողնում», - այսպես է եզրափակում հոդվածը Daily Mail-ի թղթակիցը:

XS
SM
MD
LG