Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների քանդված շենքի համար պայքարը տեղափոխվել է դատարան


Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման համար մղված լարված շարժումն արդեն մարել է, սակայն պայքարը տեղափոխվել է դատարան՝ շենքի քանդումը թույլատրող որոշումներն անօրինական ճանաչելու համար։

Տերյան 11-ի տեղում այժմ հարթ մակերես է, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ դեռ կանգուն էր Երևանի ամենահին շինություններից մեկը՝ Աֆրիկյանների ընտանիքին պատկանած երկհարկանի զարդանախշ շենքը։ Մշակութային հուշարձան ճանաչված այս շենքը քանդվեց առաջին հերթին այն պատճառով, որ քաղաքապետարանը ցանկանում էր լայնացնել Տերյան փողոցը։

Շենքի պահպանման համար մղված լարված քաղաքացիական շարժումն արդեն մարել է, բայց պայքարը տեղափոխվել է դատարան՝ քաղաքապետարանի ու կառավարության տարիներ առաջ ընդունած՝ շենքի քանդումը թույլատրող որոշումներն անօրինական ճանաչելու համար։

«Հելսինկյան կոմիտեն» ու «Ուրբան լաբ» հկ-ներն են ստանձնել Աֆրիկյանների թողած ժառանգության պաշտպանությունը: Վարչական դատարանը նրանց պատշաճ հայցվոր չի համարել ու հայցը քննության չի վերցրել: Հայցվորները դիմել են Վերաքննիչ դատարան, որը նույնպես երկուշաբթի օրը մերժել է դիմումը:

«Ուրբան լաբի» համահիմնադիր Սարհատ Պետրոսյանն ասում է, որ անցնելու են բոլոր ատյաններով։

«Գիտեք նաև մեկ այլ ուղղությամբ «Թրանսփարենսին» էր դիմել դատախազություն՝ շինարարության անօրինականության մասով, որը կարճվեց: Կարծում եմ էդ ուղղությամբ ևս հետագա քայլեր կլինեն, դա կվիճարկենք և նաև կարծում եմ հասնում է պահը ՀՔԾ դիմելու՝ պետական պաշտոնյաների պարտականությունները վիճարկելու հետ կապված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Չի բացառվում, որ դիմեն նաև Սահմանադրական դատարան, քանի որ Ճարտարապետության միջազգային կոնվենցիան Հայաստանում անտեսվել է։ Այս դեպքում էլ՝ հաջողության չհասնելու դեպքում, կօգտվեն Եվրոպական դատարան գնալու հնարավորությունից «ոչ միայն կոնկրետ Աֆրիկյանների համար, այլ ընդհանրապես այս գործընթացի համար»:

«Աֆրիկյանների շենքը քանդվեց» նախադասությունը քաղաքապետարանի ներկայացուցիչները լսել անգամ չեն ուզում՝ ուղղելով, որ այն ընդամենը ապամոնտաժվել է ու կվերականգնվի «Հին Երևան» նախագծում: Այս նախագծի մասին խոսում են 2005-ից, բայց մինչև օրս լուր չկա, թե երբ կսկսեն իրականացնել։

«Ես կոնկրետ ժամկետ սպառիչ չեմ կարող ասել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը «Հին Երևանի» մանրակերտը տեղադրել է Ճարտարապետության թանգարանում, ինքն էլ անհամբեր սպասում է, թե երբ են սկսելու նախագիծը։ Ասում է, որ որոշել են մաս-մաս սկսել, քանի դեռ բոլոր ներդրողները միանգամից չեն հայտնվել։ Արամի փողոցում արդեն որոշ աշխատանքներ սկսվել են, տեղափոխվում է հոսանքի ենթակայանը։

Եթե նախագծի իրականացումն իսկապես սկսվի, այստեղ կվերականգնվի նաև Աֆրիկյաններին պատկանած շենքը, ինչը, սակայն, ըստ ակտիվիստների չի սփոփի իրենց։

XS
SM
MD
LG