Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել հոգեբուժարաններում


Խախտումների մասին պնդումները ՄԻՊ-ը հիմնավորում է լուսանկարներով:

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը խախտումներ է արձանագրել հոգեբուժարաններում․ Նորքի հոգեբուժարանի հիվանդները վերջին անգամ կաթնամթերք կերել են անցյալ տարի, Սևանի հոգեբուժարանում ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել, Արարատի մարզի հոգեբուժարանում էլ հակասանիտարահիգիենիկ վիճակ է տիրում:

Ներկայացված խնդիրները ՄԻՊ-ի գրասենյակը ապացուցում է լուսանկարներով, որոնցում երևում են մի քանի անուն դեղերի ժամկետները, լուծույթ, որը լցված է լրիվ այլ դեղորայքի համար նախատեսված սրվակում և այլն:

Պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց այցելությունից հետո տնօրինությունն արագ ազատվել է ժամկետանց դեղորայքից, այնինչ՝ սահմանված կարգով այդ դեղորայքը՝ համապատասխան փաստաթղթերով՝ նախ պետք է օտարվեր:

«Գտել ենք դեղեր, որոնց վրա նշված է, որ ժամկետը լրանում է, օրինակ, մայիսի 29-ին, փաստացի մենք գտել ենք 2008 թվականի սրվակներ, որը յոդինոլ է եղել, այնտեղ եղել է որոշակի լուծույթ», - ասաց Թումանյանցը:

Նրա խոսքով՝ տրամաբանությունը հուշում է, որ հոգեբուժարանում հայտնաբերված ժամկետանց դեղորայքը տրվել է հիվանդներին:

Թեպետ Պաշտպանի գրասենյակը արձանագրել է, որ պահեստներում սանիտարահիգիենիկ վիճակը վերականգնելու համար համապատասխան մաքրող հեղուկներն առկա են, այդուհանդերձ, սանհանգույցներում պատկերը հեռու է եղել բավարար համարվելուց:

«Արձանագրել ենք, որ Նորք հոգեբուժական կենտրոնում հիվանդները վերջին անգամ կաթնամթերք ստացել էին 2013 թվականի դեկտեմբերին: Սանիտարահիգիենիկ պայմանները շատ կեղտոտ են: Երևում է, որ երկար ժամանակ սանիտարական պայմաններ չեն ապահովվել», - նշեց ՄԻՊ-ի աշխատակիցը:

Հոգեբուժարաններից մեկում էլ հիվանդներին տրվող դեղն օրվա սկզբում հանվում է տուփերից, դրվում սովորական թղթի վրա, որը ողջ օրվա ընթացքում կեղտոտվում է: Հաճախ նաև դեղերի տեղերը խախտվում են, հետևաբար հայտնի չէ, թե օրվա ընթացքում հիվանդին որ դեղի փոխարեն որն է տրվում:

«Հատկապես շոգ պայմաններում ճանճերը շատ են, թուղթը որպես այդպիսին, կեղտոտ է, այնտեղ այդպես փռվում է: Ավելին՝ մեկ-մեկ թուղթը դրվում է ոչ թե պինդ սեղանի վրա, այլ շարժվող և որևէ մեկն անցնելուց կարող է ուղղակի դիպչել այդ սեղանին և դեղերը խառնվեն», - նշեց Թումանյանցը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ Սևանի հոգեբուժարանում իրենք ժամկետանց դեղ չեն հայտնաբերել, բայց նախարարի հրամանով՝ ուսումնասիրվելու է խոտանված դեղերի ցանկը:

«Բայց վերցվել են համապատասխան փաստաթղթերը դուրս գրման, խոտանման այդ ամբողջ փաստաթղթերը մեզ մոտ են, որոնք անհրաժեշտություն ունեն ուսումնասիրման», - ասաց Վարդանյանը:

Ըստ ՄԻՊ-ի աշխատակցի, սակայն, դժվար թե այդ փաստաթղթերը որևէ պարզաբանման հիմք հանդիսանան, որովհետև տնօրինությունն առանց գրանցելու դեղորայքի օտարումը այն դեն է նետել:

Պաշտպանի ներկայացրած կեղտոտ թղթի վրա շարված դեղերը, զբոսանքի հնարավորության բացակայությունն ու միատեսակ սննդի խնդիրը, սակայն, առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի ընդունում:

«Այդ մասով բացթողումները, իհարկե բողոքները միանշանակ չեմ ընդունում և առաջարկ ենք անելու էդ մասի հետ կապված նախարարին, որպեսզի որոշ ժամանակահատվածում մշտադիտարկում կատարվի»:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մինչև այս ամսվա վերջ կհրապարակեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրների մասով իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG