Մատչելիության հղումներ

Ճանապարհային տուգանքները 50 տոկոսով կկրճատվեն


Հուլիսի 26-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները մոտ 50 տոկոսով կկրճատվեն:

Հիշեցնենք՝ գործող օրենքով սահմանված արագությունը 1-ից 10 կիլոմետր գերազանցելու դեպքում վարորդը տուգանվում է ֆիքսված 10 հազար դրամ, մինչդեռ հուլիսի 26-ից արագությունը գերազանցած յուրաքանչյուր կիլոմետրի համար տուգանքը 1000 դրամ կլինի։ Փոփոխվել է նաև տուգանքը չմուծելու համար նախատեսված տույժի չափը, օրինակ եթե գործող օրենքով տուգանքը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում որպես տույժ գումարը եռապատկվում կամ հնգապատկվում էր, ապա հուլիսի 26-ից այն կավելանա գումարի 25 և 50 տոկոսի չափով։

Կառավարության այս քայլը վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավոր խաբկանք է համարում։ Արդեն մի քանի բողոքի ցույցեր իրականացրած վարորդների պահանջներից էր տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար սահմանված տուգանքների կրճատում մինչև հինգ անգամ, մինչդեռ նոր օրենքով իջեցումը միայն կիսով չափ է լինելու։

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ այս ձևով կառավարությունը պարզապես ցույց է տալիս թե կատարում է իրենց պահանջները, մինչդեռ իրենք նահանջել չեն պատրաստվում և շարունակելու են բողոքի երթեր անցկացնել։

«Կառավարությունը փորձում է թոզ փչոցի անել», - ասում է նա՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Կառավարությունը նոր օրենքում չի անդրադարձել նաև նախկին տուգանքներին։ Նրա կարծիքով նոր օրենքը կիրառելուց առաջ անհրաժեշտ էր, որ նախկին տուգանքների հանդեպ համաներում կիրառվեր, սա նաև կարևոր է այն առումով որ հազարավոր վարորդներ միլիոնավոր դրամների հասնող տուգանքներ ունեն։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը որպես պայքարի միջոց վարորդներին կոչ է անում չմուծել տուգանքները և դրանք դատարաններում բողոքարկել։ Նախաձեռնության ջանքերով հատուկ գրասենյակ է ստեղծվել, որտեղ ըստ Պետրոսյանի ամեն օր տասնյակ քաղաքացիներ են դիմում։

Այն, որ վերջին շրջանում բողոքարկողների թիվը ավելացել է հաստատում է նաև ճանապարհային երթևեկության տուգանքների հարցերով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Նրա կարծիքով բողոքի ցույցերից զատ, նաև բողոքարկողների թվի աճն էր պատճառը, որ կառավարությունը տուգանքների չափը իջեցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ։

Փաստաբանը պատմեց, որ միայն իրենց գրասենյակ օրը մի քանի տասնյակ վարորդներ են այցելում, ովքեր ցանկանում են բողոքարկել տուգանքների որոշումները։ 90 տոկոսը նրա խոսքով դատարանում հաղթում էին, քանի որ տեսախցիկների արձանագրած տուգանքների մեծ մասը անտեղի էին, մինչդեռ հիմա՝ ցածր տուգանքների դեպքում, նրա կարծիքով բողոքարկողների թիվը կքչանա։

Փաստաբանի խոսքով օրենքում նաև մի շարք բացթողումներ կան, օրինակ կարելի էր ներառել ոչ պատշած ծանուցումների, ճանապարհային նշանների բացակայության և արագաչափերի ու տեսախցիկների մասին զգուշացնող նշանների առկայության և չափերի մեծացման հարցերը։

Հիշեցնենք՝ օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են պետական մարմիններում, դրանց մասին կարծիք է հայտնել նաև նախագահը։

«Մենք զիջում ենք անում»,- ասել էր վարչապետը:

XS
SM
MD
LG