Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը վերջնականապես կլուծի հաջորդ շաբաթ


ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը վերջնականապես կլուծի հաջորդ շաբաթ
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Պատժամիջոցների սաստկացման մասին ներեվրոպական բանավեճին զուգահեռ պահպանվում է «Բոինգ»-ի կործանման հետաքննության շուրջ անորոշությունը:

Ուկրաինայի արևելքում չդադարող բախումների ֆոնին Եվրամիության առաջատար պետությունները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հավանականությունը:

Չորեքշաբթի ողջ օրվա ընթացքում Վարշավայում այս հարցն էին քննարկում Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները: Բանակցությունների ավարտին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարեց. - «Մեր նպատակն է լինելու ոչ միայն մեղմել այս ճգնաժամը, ոչ միայն հասնել հրադադարի կնքմանը, այլև հաշտության հասնել. հաշտություն, որ հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության գաղափարի վրա»։

Շտայնմայերը միաժամանակ ակնարկել է, որ պաշտոնական Բեռլինն առայժմ դեմ է Ռուսաստանի դեմ կտրուկ պատժամիջոցների կիրառմանը:

«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի դեմ ճնշումը պետք է սաստկացնել աստիճանաբար, քայլ առ քայլ: Հակառակ պարագայում մենք կարող ենք հայտնվել ավտոմատ կերպով նախանշված գործողությունների ծուղակում»,- պնդում էր Շտայնմայերը:

Նրա լեհ պաշտոնակից Ռադոսլավ Սիկորսկին անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում ուներ` պնդելով, թե Ռուսաստանի դեմ խստագույն պատժամիջոցների կիրառմանն այլընտրանք գոյություն չունի:

«Լեհաստանը Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի շատ ավելի մեծ ծավալներ ու համամասնություն ունի, քան Գերմանիան: Մեր կորուստներն էլ պատժամիջոցների սահմանման դեպքում համապատասխանաբար ավելի մեծ կլինեն: Բայց Ռուսաստանի նախագահ Պուտինը մեզ որևէ ընտրություն այլևս չի թողել: Մալազիական օդանավի կործանումը այն վերջին կաթիլն է, որից հետո ես հույս ունեմ Եվրոպական հանձնաժողովը ձեռնամուխ կլինի «երրորդ աստիճանի» պատժամիջոցների սահմանմանը»,- հայտարարեց Սիկորսկին:

Պատժամիջոցների հարցում Եվրամիության ներսում առկա որոշակի տարաձայնությունների մասին է վկայում նաև այն իրողությունը, որ այս հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ շաբաթ, թեև նախապես չէր բացառվում, որ որոշումը կարող է կայացվել արդեն այսօր: Այս մասին Բրյուսելում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Ջոնաթան Թոդը:

«Պատժամիջոցների մասին Եվրոպական հանձնաժողովի [հուլիսի 22-ին] ներկայացրած առաջարկները ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները քննարկում են այսօր կեսօրից սկսած: Հարցի քննարկումը նախատեսվում է շարունակել նաև հաջորդ շաբաթ: Երբ կայացվի վերջնական որոշումը, արդեն իսկ հստակ օրենսդրական նախաձեռնություններ կմշակվեն, որոնք, ըստ ամենայնի, կհաստատվեն Եվրամիության անդամ պետությունների կողմից արդեն հաջորդ շաբաթ»,- ասել է Թոդը։

Պատժամիջոցների սաստկացման մասին ներեվրոպական բանավեճին զուգահեռ պահպանվում է մալազիական «Բոինգ»-ի կործանման հետաքննության շուրջ առկա անորոշությունը: Քանի դեռ զոհերի մարմինները տեղափոխվում են Նիդերլանդներ, արևմտյան պետությունները ջանքեր են գործադրում վթարի վայրում գոնե նվազագույն կարգուկանոն ապահովելու և միջազգային չափանիշներին համապատասխան հետաքննություն անցկացնելու համար: Ավիավթարում 27 քաղաքացի կորցրած Ավստրալիան նույնիսկ պատրաստվում է ոստիկանական ուժեր ուղարկել Դոնեցկի մարզ: Այս մասին անցած գիշեր Կանբերայում հայտարարեց երկրի վարչապետ Թոնի Էբոթը:

«Ավստրալիայի կառավարությունն արդեն իսկ 50 հոգուց բաղկացած ոստիկանների է խումբ է ուղարկել Լոնդոն, հետագայում նրանց Ուկրաինայի արևելք գործուղելու մտադրությամբ: Նրանք պետք է ապահովեն օդանավի կործանման վայրի անվտանգությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային հետաքննական թիմի կազմում», - ասում էր Էբոթը։

Եվ քանի դեռ «Բոինգ»-ի պաշտոնական հետաքննության մեկնարկի ժամկետները մշուշոտ են, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները հակասական ազդակներ են հնչեցնում ավիավթարի պատճառների մասին: Ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը BBC-ին տված հարցազրույցում այսօր պնդեց, որ հակաօդային ԲՈՒԿ կայանքները, որոնցից էլ ենթադրաբար խփվել էր ինքնաթիռը, Դոնեցկի զինյալները չեն ունեցել:

«Մեզ այդ ԲՈՒԿ-երից այդպես էլ չհասավ»,- ասաց Բորոդայը:

Դոնեցկում գործող խոշորագույն զինված խմբերից մեկի` «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովկսին հակառակը, զինյալների մոտ ԲՈՒԿ-ի առկայության փաստը չբացառելով, այնուհանդերձ, որպես տեղի ունեցածի մեղավոր մատնանշում է ուկրաինական կողմին:

«Խնդիրը հարկավոր է դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Ուկրաինացիները նախապես տեղեկատվություն ստացան, որ զինյալները՝ Ռուսաստանի մեղքով, արդեն իսկ տիրապետում են այդ զինատեսակին: Չնայած դրան՝ նրանք ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեցին թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, այլև սադրեցին այդ զենքի կիրառումը խաղաղ քաղաքացիներ տեղափոխող օդանավի հանդեպ»,- ասել է Խոդակովսկին:

XS
SM
MD
LG