Մատչելիության հղումներ

Նախարարը տեղյակ չէ, որ Վալերի Հովհաննիսյանին վատ պայմաններում են պահում


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը տեղյակ չէ, որ Վերնիսաժի գործով խուլիգանության մեղադրանքով կալանավորված 28-ամյա Վալերի Հովհաննիսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բժշկական պատշաճ օգնություն չեն ցուցաբերում:

Օրերս «Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը, վերստին ահազանգ հնչեցրեց, որ քրեակատարողական այդ հիմնարկի բուժմասում շաբաթներ շարունակ որդուն ոչ միայն անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերում, այլև ընտանիքն է ապահովում Վալերի Հովհաննիսյանի կյանքի պահպանման համար անհրաժեշտ բուժպարագաները, դեղամիջոցները:

«Անկեղծ ձեզ ասեմ, ես նման ահազանգ չեմ ստացել, ինչ վերաբերում է զինծառայության խնդիրներին և բուժսպասարկմանը, դա գտնվում է իմ ամենօրյա հսկողության ներքո, և եթե ես լուրջ արձագանք ստանում եմ, անմիջականորեն և անմիջապես զբաղվում եմ այդ խնդիրներով։ Այդ խնդիրներն, անկախ որևէ հասարակական հնչեղությունից, անկախ որևէ գործի վերաբերյալ հանրային քննարկումներից, դրանք որևէ խնդրի հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է պահման պայմաններին, բուժսպասարկմանը, եթե որևէ ահազանգ կա՝ հիմնավոր ահազանգ, մենք անմիջապես զբաղվում ենք դրանով»,- ասաց արդարադատության նախարարը։

Չնայած Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» տեղեկացրել են, որ Վալերի Հովհաննիսյանը բժիշկների հսկողության տակ է, նրա վիճակը բավարար է, սակայն այսօր էլ Լիանա Հովհաննիսյանը պնդում է՝ իր որդու վիճակը ծանր է և նա զրկված է բժշկական օգնությունից:

Հովհաննիսյանների փաստաբան Լևող Բաղդասարյանը մոտ երկու շաբաթ առաջ վկայեց, թե ինչպես են Վալերի Հովհաննիսյանին հիվանդանոցից, կիսագիտակից վիճակում, պատգարակի վրա պառկած, աղիքը կախված, շտապօգնության բժիշկներով շրջապատված, տարել դատարան, որտեղ 4-5 ժամ, մինչև կեսգիշեր շարունակված նիստում, որոշվել է կալանավորել Հովհաննիսյանին, չնայած հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությանը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»։

Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման մասին որոշումը: Այսօր Վերաքննիչը մերժեց բողոքը:

Վերաքննիչի նիստից հետո փաստաբան Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօրվա նիստն անցավ առանց Վալերի Հովհաննիսյանի:

«Գտնում եմ, որ անօրինական գործառույթներ են իրականացվում իմ պաշտպանյալի նկատմամբ, դասական խոշտանգման օրինակ է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բողոքարկելու են այսօրվա դատավճիռը Վճռաբեկում:

Վերաքննիչի այսօրվա որոշումից հետո Լիանա Հովհաննիսյանը լրագրողներին հայտարարեց՝ իր որդուն միտումնավոր են կալանավորված պահում և ենթարկում «նման խոշտանգումների», որպեսզի «նա իր վրա վերցնի մեղքը»:

«Սրանք մարդ են կուլ տալիս, ուրիշ ոչ մի բան, ոչ մի բան օրենքով չեն անում։ Իրենց ոնց ձեռնտու է, էդպես էլ անում են։ Պահում են, որպեսզի Գոռի ու Նոսոյի մեղքերը դնեն իմ էրեխու վրա։ Ներսեսը իմ որդու ընկերներ է, բայց հիմա նրա հետ է միացած»,- ասաց մայրը. - «Իմ որդուն ասում են՝ մեղքը իր վրա վերցնի... որ ինքնապաշտպանություն լինի Գոռինը, [դա ասել են] իր բարեկամները, Յուվեցի Կարոն, ո՞վ պիտի ասի։ Որ Գոռինը լինի ինքնապաշտպանություն, երրորդ կողմն էլ վկա դուրս գա՝ «մենք երկուսս փող ունենք, դուք չունեք, պիտի քո տղան վերցնի իր վրա»։ Ու հայտարարում են, կողքից լուրեր ենք իմանում... տիրովին տերն է տարել, անտերին՝ գելը»։

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն այսօր չցանկացավ «Ազատությանը» ներկայացնել իր արձագանքը:

XS
SM
MD
LG