Մատչելիության հղումներ

Դիվերսանտների հարցը՝ Ալիևի անձնական հսկողության ներքո


Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը

Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը

Շուրջ երկու շաբաթ առաջ Քարվաճառի տարածք ներթափանցած և Լեռնային Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հանդիպման կազմակերպումը, ինչպես նաև սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մարմինը վերադարձնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները գտնվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական ամենօրյա հսկողության ներքո: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների գործերով պետական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է անցկացրել տվյալ հարցով, իր անհանգստությունն է արտահայտել, որ ձերբակալված դիվերսանտների հետագա ճակատագրի վերաբերյալ «տեղեկատվություն չկա», և կոչ է արել կազմակերպությանը ակտիվացնել գործունեությունը այդ ուղղությամբ, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

ԿԽՄԿ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է հայթայթել մի քանի լուսանկար, որոնցից մեկում պատկերված է սպանված Հասանովը, ինչը հաստատել են նրա հարազատները: Միաժամանակ, ըստ ադրբեջանական կողմի, ԿԽՄԿ-ի ուժերով բանակցություններ են ընթանում սպանվածի դին վերադարձնելու հարցով, սակայն հայկական կողմը բանակցողներին ասել է, որ դիակի նույնականացման համար անհրաժեշտ են լրացուցիչ նյութեր:

Հիշեցնենք՝ հայկական կողմը հայտարարել է, որ գերեվարված դիվերսանտներին ռազմագերու կարգավիճակ տալը անհնար է, ուստի նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով: Լեռնային Ղարաբաղի դատախազությունը երեկ հաղորդեց, որ ադրբեջանցի երկու դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG