Մատչելիության հղումներ

Երևանում կստեղծվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


Կոմիտաս
Կոմիտաս

Այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը։ Հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքման ու պահպանման համար Կառավարությունը այսօր որոշեց ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։

Թանգարան-ինստիտուտի հիմնադրմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանման, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար։

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Երևանի Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում։ Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Տարածքը անհատույց օգտագործման իրավունքով Կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով անցած տարի հանդես է եկել Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG