Մատչելիության հղումներ

Դեռ «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում:

Ըստ այդմ, Եվրամիությունը նախապատրաստել է պատժամիջոցների երեք տեսակ: Առաջին աստիճանի՝ ամենաթեթև պատժամիջոցները ներառում են ռուսական այսպես կոչված շքեղ ապրանքների` ադամանդների, թանկարժեք մետաղների, մորթիների, օղու և խավիարի ներկրման արգելք: Այս փուլում Եվրամիությունը նախատեսում է սև ցուցակում ներառել որոշ ռուսական ընկերություններ, բանկեր և անհատների: Այս պատժամիջոցները, հիշեցնենք, Եվրամիությունը վերջերս ընդունեց և արդեն կիրառում է:

Երկրորդ՝ միջին աստիճանի պատժամիջոցները ենթադրում են ևս ութ քայլ՝ արգելել Ռուսաստանից բոլոր միջանկյալ և վերամշակված ապրանքների, զենքի, զգայուն տեխնոլոգիաների ներկրումը Եվրոպա, նոր ռուսական անունների ներառում սև ցուցակում, առևտրի և ներդրումների հետ կապված ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի սահմանափակում, ածխի ներկրման արգելք և համագործակցության բոլոր տեսակների դադարեցում: Փորձագետներն ասում են, որ սա մեծ խնդիրներ կարող է առաջացնել, քանի ռուսական առաջատար զինատեսակների և լրտես արբանյակների կարևորագույն մասերը արտադրվում են Ֆրանսիայում::

Բարձր՝ երրորդ աստիճանի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը կզրկվի նոր ներդրումներից, եվրոպական ընկերություններում ռուսական ակտիվների հանդեպ խիստ հսկողություն կսահմանվի, արգելք կդրվի ռուսական գազի և նավթի ներկրման վրա: Սա ամենացավոտ մասն է, քանի որ Եվրամիությունը գնում է ռուսական արտահանվող նավթի 84 և գազի 76 տոկոսը, և այս սահմանափակումները կարող են Ռուսաստանի 420 միլիարդ դոլար տարեկան բյուջեում 300 միլիարդ դոլարի պակասորդ առաջացնել: Իհարկե, դա կարող է վնասել մեծապես ռուսական գազից օգտվող Գերմանիային, Իտալիային, Լեհաստանին: Փաստաթղթում ասված է, որ Եվրամիությունը նախատեսում է այդպիսի զարգացումները և ամեն անդամ երկրի համար հաշվարկ ու գնահատական է ներկայացրել և սպասում է երկրների արձագանքներին:

Եթե արևմտյան պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն այն տեսքով, ինչպես ներկայացված են հանձնաժողովի ներքին փաստաթղթում, իրավազրկության առումով Ռուսաստանը կարող է հայտնվել Հյուսիսային Կորեայի և Իրանի մեջտեղում, նշում են եվրոպացի փորձագետները:

XS
SM
MD
LG