Մատչելիության հղումներ

Դերասանի գործով տուժողի փաստաբանի նկատմամբ վարույթ է հարուցվել


Այսօրվա դատական նիստում Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ այսուհետ չի պատասխանելու տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի հարցադրումներին։

«Վերջին դատական նիստից հետո տուժած կողմի ներկայացուցիչ Բալոյանը դատարանի դահլիճից դուրս հարձակվել է իմ պաշտպանի վրա, անպատվել նրան փողոցայինին վայել խոսքերով, ստեղծել կոնֆլիկտային վիճակ», - նշեց Վարդան Պետրոսյանը:

Դերասանն այդ ամենը որակեց սադրանք, որի նպատակը, ըստ նրա, կողմերի միջև հաշտեցման եզրեր գտնելու գործընթացը խափանելն է։

«Ես հրաժարվում եմ ճանաչել դատարանում իրավական հարաբերությունները փողոցային հարաբերությունների իջեցնող մասնագետին, և նրան չեմ ճանաչում որպես փաստաբան և այսուհետ հրաժարվում եմ նրա տված որևէ հարցի պատասխանելուց», - ասաց նա:

Հիշեցնենք, երեկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, ինչի համար հիմք է հանդիսացել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի «Արա ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրված հոդվածը, համաձայն որի Բալոյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին։ Թո՞ւյլ է տվել կարգապահական խախտում փաստաբան Ռուբեն Բալոյանը, թե՞ ոչ, կորոշի Պալատի խորհուրդը։ Իր նկատմամբ վարույթ հարուցելու որոշումը Բալոյանն անհիմն է որակում։

«Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով չեմ դիմել, մենք բավականին լավ հարաբերությունների մեջ ենք: Երևի թե այսօրվանից սկսած այդ հարաբերությունները կխախտվեն: Իրենց աշխատաոճը ստի վրա է կառուցված», - հայտարարեց Բալոյանը, - «Արդեն իմ բողոքը պատրաստ է»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ նախորդ նիստի ընթացքում տուժող կողմը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր հետ և պահանջեց դատարանից օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։ Թեև տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանում հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին վտանգ չի սպառնում, այնուհանդերձ, դատարանը որոշեց գրավոր նախազգուշացնել տուժող կողմից այն անձանց՝ ումից Բաղդասարյանի նկատմամբ վտանգ է սպառնում։

Այսօրվա դատական նիստին ևս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու Վարդան Պետրոսյանի պաշտպանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, ինչին պարբերաբար միջամտում էր դատավորը։

Այսօր հարցաքննվեցին մի քանի վկաներ, որոնց թվում էին ավտովթարի մասնակիցներին առաջին օգնություն ցուցաբերած շարքային քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, որոնք ներկա էին եղել վթարի վայրում։ Վկաները միաբերան նշում էին, որ ալկոհոլի հոտ Վարդան Պետրոսյանի հետ շփման ժամանակ չեն զգացել։ Դատական հաջորդ նիստը նախանշված է օգոստոսի վերջին։

XS
SM
MD
LG