Մատչելիության հղումներ

Արսեն Ղազարյան․ Վրաստանի վիզային ռեժիմի մասին օրենքը չի ազդի հայաստանցիների վրա


Հայաստանի գործարարների միության նախագահը վստահեցնում է՝ Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող վիզային ռեժիմի մասին օրենքը որևէ կերպ չի ազդի հայաստանցիների վրա:

Նշենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերից Վրաստանը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ։ Վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` գործակալությունը նշում է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։

Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը վստահեցնում է, որ նոր օրենքը Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Վրացական պառլամենտն այն ընդունել է՝ ելնելով երկրի միգրացիոն խայտառակ վիճակից: Գործարարը, ով ղեկավարում է բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերությունը, հիշեցնում է, որ Սաակաշվիլիի նախագահության տարիներին սահմանային, մաքսային և վիզային ռեժիմները խիստ ազատականացվեցին: Արդյունքում Վրաստանում այսօր կան գյուղեր, որտեղ չինացիները, հնդիկները ապօրինի կերպով զանգվածաբար բնակություն են հաստատում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Անգամ Թբիլիսիի կենտրոնում շենքերի նկուղներում հանրակացարաններ են ի հայտ եկել, որտեղ բնակվում են արտերկրից ժամանած և էժան աշխատուժ համարվող ներգաղթյալները:

Արսեն Ղազարյանը նշում է, որ սահմանափակումները ինչ-որ տեղ նաև կապված են Վրաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակի հետ: Քանի որ Վրաստանը Եվրամիության հետ ունենալու է ազատ վիզային ռեժիմ, դա նշանակում է, որ այդ երկիր ապօրինի մուտք գործող ներգաղթյալները հանգիստ կարող են տեղափոխվել նաև եվրոպական երկրներ, ինչը պետք է կանոնակարգել:

«Վրաստանի այս վիճակից ելնելով պառլամենտը օրենք է ընդունել, որը կոչվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին՝ փորձելով շուկան և հատկապես իր տնտեսությունը պաշտպանել անորակ և անիմաստ էժան աշխատուժից: Հայաստանի առումով ես այստեղ ոչ մի վտանգ չեմ տեսնում, որովհետև դա վերաբերում է երկարաժամկետ աշխատանքային կարգավիճակով Վրաստանում ապրող կամ ուսման գնացած Հայաստանի քաղաքացիներին, որը ես խրախուսում եմ, որովհետև մեզ էլ է պետք, որ կանոնակարգվի մեր աշխատուժի հոսքը Վրաստան, մեր բիզնեսի հոսքը Վրաստան», - ասում է Ղազարյանը, - «Նրանք պետք է գրանցվեն այդ երկրում, նրանք պետք է ստանան ժամանակավոր գրանցման կացություն՝ ինչպես Հայաստանում է, բայց դա չի բերելու ո՛չ մեր տնտեսական կապերի թուլացմանը, ո՛չ մեր եղբայրական հարաբերությունների թուլացմանը: Եվ ես կխնդրեի, որ երբ մեր մամուլը ազգաբնակչությանը ներկայացնում է, նման էքսցենտրիկ, այն էլ Վրաստանի հետ կապված, ծայրահեղ տագնապալի մտքեր չտարածեն, որովհետև դա կառաջացնի նաև իրար հանդեպ անվստահության, էլ չեմ ասում՝ Աստված չարասցե, ազգային ատելության դրսևորումներ»:

Հարցին՝ գրանցման հետ կապված գործառույթները չե՞ն ազդի բիզնեսի վրա, Ղազարյանը պատասխանեց․ - «Ոչ, չեն ազդի: Եթե ես, ընդունենք, վաղը պետք է իմ կազմակերպության ներկայացուցչություն բացեմ և Հայաստանից մի քանի մասնագետ ուղարկեմ աշխատելու, այնտեղ իրենք կանոնակարգեր են անցնելու, ձևակերպումները ժամանակավոր գրանցման ստանան և օրինական, պաշտպանված կարգավիճակով աշխատեն որպես նորմալ աշխատուժ»:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում վստահեցրել էր, թե Վրաստանը մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ: Մինչդեռ այսօր Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հայաստանցիներին վերաբերող վիզային ռեժիմի սահմանափակումների մասին որևէ բան ասել չեն կարող: Արտգործնախարարության աշխատակիցը նշեց, թե կա նոր օրենք, որը ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերից, իսկ Հայաստանին առնչվող հարցերին կպատասխանեն մի քանի օրից:

Վրաստանից ապրանքները ներկրվելու են նույն մաքսադրույքներով, ինչ այսօր ... Դրա մեջ մտնում է մարդատար մեքենաների մաքսազերծումը:

Հայաստանի գործարարների միության նախագահը, ով նույնպես բիզնես ունի Վրաստանում, որևէ անհանգստություն չունի այս նոր օրենքի հետ կապված: Ավելին, Արսեն Ղազարյանը վստահեցնում է, որ անգամ Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո երկու երկրների առևտրաշրջանառության և բեռնափոխադրումների համար որևէ խոչընդոտ չի լինելու:

«Ոչինչ չի փոխվելու, Վրաստանից ապրանքները ներկրվելու են նույն մաքսադրույքներով, ինչ այսօր», - վստահեցնում է Արսեն Ղազարյանը, ընդգծելով, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելուց հետո առաջիկա 5ից 10-ը տարիների ընթացքում մի շարք ապրանքների ներկրման մասով կօգտվի արտոնություններից․ - «Մենք 980 անուն ապրանքատեսակով արտոնություններ ենք ֆիքսել, որը մեզ տալու է 5-10 տարի ցանկացած հին ռեժիմների օգտագործում: Այդ թվում դա կլինի Եվրոպայից ներկրվող ապրանք, Միացյալ Նահանգներից, թե Վրաստանից: Այսինքն, մենք մեր սպառողական շուկայի և արդյունաբերական արտադրական ցիկլի հիմնական վտանգները այս արտոնություններով լուծել ենք: Մեր միությունն էլ 7 աշխատանքային մասնագիտական խմբերով թեժ աշխատել, մասնակցել է․ դա ամբողջովին փակում է այն, ինչ կարող է չնչին թեկուզ ազդեցություն ունենալ մեր գնագոյացման վրա, մեր ինքնարժեքի վրա:Այդ թվում՝ դրա մեջ մտնում է մարդատար մեքենաների մաքսազերծումը, որը շատ զանգվածային և սոցիալական հարց է: Նույն մաքսային դրույքները անփոփոխ են մնալու արտոնություններով՝ 5-10 տարի: Եթե չլիներ այս արտոնությունների համար պայքարը՝ իսկ սա մեր կառավարության և նախագահի համառության արդյունք է, դժվար էր»:

XS
SM
MD
LG