Մատչելիության հղումներ

logo-print

Զուրաբյան․ «Աբրահամյանի կառավարությունն ավելի բացահայտ է սպասարկում օլիգարխիայի շահերը»


ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, 22-ը հուլիսի, 2014թ․

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, 22-ը հուլիսի, 2014թ․

Հարյուր օրվա գնահատականի սկզբունքը Հովիկ Աբրահամյանի պարագայում բացարձակապես անիմաստ սկզբունք է: Այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ երեքշաբթի օրը «Ազատություն TV»-ի եթերում խոսելով վարչապետ Աբրահամյանի պաշտոնավարման հարյուր օրվա մասին:

«Հարյուր օր գնահատականի այդ սկզբունքը կիրառվում է այն դեպքում, երբ գործ ունես մի նորընտիր նախագահի հետ կամ մի լրիվ նոր իշխանության եկած քաղաքական ուժի հետ և այլն․ իսկապես, մարդիկ դեռ երկիր չեն կառավարել, եկել է կառավարելու ժամանակը, հարյուր օր պետք է տալ և չքննադատել հարյուր օրվա մեջ՝ կերևա, թե ինչ ուղղությամբ է ընդհանրապես զարգանում իրավիճակը», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Բայց Հովիկ Աբրահամյանի պարագայում դա բացարձակապես անիմաստ սկզբունք է, որովհետև մենք գիտենք, որ չար ծառից բարի պտուղ չի կարող լինել, իսկ տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ընդամենը Սերժ Սարգսյանի ռեժիմի հերթական մի կառավարությունն է»:

«Այդ ռեժիմը սպառված է, դա գողապետական ռեժիմ է, դա ապօրինի, կեղծված ընտրություններով ձևավորված իշխանություն է, որի արատավոր գործունեությունը կապված է հենց իր համակարգային արատների հետ և առաջին հերթին՝ չընտրված լինելու, պետական իշխանությունը միայն սեփական հարստացման նպատակով օգտագործելու նպատակ ունեցող իշխանություն է: Եվ ով կանի դա, այսինքն՝ այդ նույն թալանը ժողովրդի, այդ նույն գոյատևումը ռեժիմի կարվի Տիգրան Սարգսյանի անվան տակ, թե Հովիկ Աբրահամյանի անվան տակ՝ մեծ նշանակություն մեզ համար չունի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

«Այսինքն՝ այդ ծառից բացարձակապես որդնած խնձորներ են ընկնում, և մի խնձորում որդերի քանակը ավելի քիչ է, թե շատ է՝ մեզ համար որևէ նշանակություն չունի: Ի դեպ, եթե որդերի քանակը համեմատենք, զուտ տարբերությունների առումով, ես կարող եմ ասել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր գործողություններով ցույց տվեց, որ ավելի բացահայտ է սպասարկում այս օլիգարխիայի, իշխանության մեծահարուստ այս չինովնիկների շահերը, քան թե Տիգրան Սարգսյանը», - ասաց Լևոն Զուրաբյանը:

«Բայց ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, այդուհանդերձ, պնդում է, որ ստվերի դեմ պայքարում արդեն հաջողությունների է հասել: Դուք տեսնո՞ւմ եք նման փոփոխություններ», - «Ազատության» այս հարցին ՀԱԿ խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Նախ՝ որևէ փաստ չկա դա հիմնավորող: Եվ բնական է՝ բա ի՞նչ պիտի ասի: Եթե ի սկզբանե ինքը խոստացել է, որ տեսեք՝ հուլիսի 1-ից բոլորը ստվերից դուրս են գալու, ինքը կամ պիտի ասի, որ ես արդեն կատարելապես ձախողված վարչապետ եմ, կամ պիտի ասի, որ չէ՝ արդեն մեծ հաջողություններ ունեմ ստվերից դուրս գալու առումով: Թող ապացուցի դա թվերով, վերլուծությամբ, որը արժանահավատ կլինի: Բերե՞լ է նման վերլուծություն, նման թվեր բերվե՞լ են՝ ոչ: Ընդամենը բառեր են, խոսքեր են, որոնք որևէ հիմք իրենց տակ չունեն»:

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը 12-կետանոց պահանջներ է ներկայացրել Կառավարությանը և ժամանակ է տվել մինչև աշուն: Հարցին՝ եթե մինչև աշուն չկատարվեն այդ պահանջները, հույս ունե՞ն, որ կրկին բազմամարդ հանրահավաքներ կգումարվեն, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ - «Ես տպավորված եմ ուղղակի, թե ինչքան արմատավորվել է մեր ժողովրդի մեջ այդ աշնան սպասումը: Այսինքն՝ ժողովուրդը շատ լուրջ է ընդունել, որ իսկապես այս համբերության սահմանը դրված է, և դրանից հետո համբերության բաժակը լցվում է, և ժողովուրդը պետք է ասի իր խոսքը»:

XS
SM
MD
LG