Մատչելիության հղումներ

logo-print

Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝ հրահանգելով, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում:

Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլքինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին յոթ տարիների ընթացքում.

Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, այդ թվում` Հրայր Հովնանյանը և Ջերարդ Գաֆեսճյանը, «ապահովել էին խոշոր ֆինանսական ներդրումներ և ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` «Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրը»: Նրանք նաև համաձայնության էին եկել և գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրանք չէին կարողանում համաձայնության գալ շատ հարցերի շուրջ: Առաջխաղացումը դանդաղում էր, լարվածությունը՝ աճում: Աննշան հաջողություններ ձեռք բերվեցին: Ի վերջո, ծրագրի գլխավոր հիմնադիրներից և բարերարներից մեկը՝ հանգուցյալ Ջերարդ Գաֆեսճյանը, որոշեց հեռանալ խմբից և հրաժարական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի նախագահի իր պաշտոնից: Պառակտումը հեռու էր բարեկամական լինելուց: Եվ այսպես, սկսվեց իրադարձությունների մի երկար շղթա, որի գագաթնակետն այս խճճված դատավարությունն է: Մի քանի տարվա դատական վեճերից հետո կողմերն ի վերջո դիմեցին շրջանային դատարան: Բացի մի հարցից, բոլոր մյուս պահանջները համարվեցին չապացուցված: Դատաքննություններից հետո առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, և առաջին ատյանի դատարանի բազմաթիվ որոշումներից հետո դրանք բողոքարկվեցին մաս-մաս, իսկ հիմա բողոքարկման մասնատված գործերը համախմբվել և ներկայացվել են մեզ որոշում կայացնելու համար»:

Իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի դատավորները հիասթափություն և անհանգստություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար: Ցասումով լցված նրանք գրել էին.

«Այս իրավական ոդիսականը երկարաշունչ էր: Այն սկսվեց որպես մեկ եզակի դատավարություն` չվճարված մուրհակները հավաքելու համար, և արագորեն վերածվեց իրավական վեճերի ճահճի: Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, կողմերի հսկայածավալ աշխատանքն իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է թե ապարդյուն էր, որը շատ ցավալի է: Ինչ էլ որ լինի հետագայում, մենք հուսով ենք, որ այսօրվա մեր որոշումը կարող է առնվազն վերջակետ դնել այս ձգձգված դատական վիճաբանությանը»:

Անցյալ շաբաթ ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել ընթերցողներից, որոնք ցավով նշում էին այն փաստը, որ երկու հայտնի հայկական կազմակերպությունները բազմամիլիոն դոլարներ վատնեցին միմյանց դեմ դատական քաշքշուկներում, փոխանակ իրենց վեճը լուծելու դատարանից դուրս և կառուցելու Ցեղասպանության թանգարանը, որը նախատեսված էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ: Ցավոք, թանգարանի բացումը, որը գտնվելու էր Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու, կարող է ընդհանրապես չկայանալ…

Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թանգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը:

Դեռևս կարող է հրաշք տեղի ունենա... Թեև պարոն Գաֆեսճյանը վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն նա բազմիցս հայտարարել էր, որ իր ջերմ փափագն է եղել կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրն Ամերիկայի մայրաքաղաքում: Աշխարհասփյուռ ողջ հայությունը ցանկանում է, որ նրա ժառանգորդները և «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները հարգեն Ջերարդ Գաֆեսճյանի նվիրվածությունն այս վեհ գաղափարին և իրականացնեն նրա անմար երազը:

Հայաստանի ղեկավարները, Սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները և համայնքի անդամները պետք է տեղեկացնեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուներին, որ իրենք լիովին պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի իրականություն դառնա պարոն Գաֆեսճյանի երազանքը: Թանգարանը պետք է հավերժական հարգանքի տուրք լինի Ջերարդ Գաֆեսճյանին, ով տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել մարդասիրական ծրագրերի համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում:

Այժմ, երբ այս տհաճ դատական գործն արդեն ետևում է, ժամանակն է ամերիկահայ համայնքի համար` «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուների հետ միասնաբար, համախմբվել և ստեղծել համահայկական հանձնախումբ, ներառյալ Հայկական համագումարը, և սկսել այս հույժ կարևոր կառույցի ձեռնարկումը Վաշինգտոնում:

Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:

Եթե «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները և ամերիկահայ համայնքը կիսեն այս տեսլականը, ապա հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ Հայոց հուշահամալիրի ապագա տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG