Մատչելիության հղումներ

Այսօր լրագրողներին ասուլիսի էին հրավիրել Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ընկերները:

Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ընկերների կարծիքով, հայազգի գործարարի ձերբակալությունը ձեռնտու էր Ադրբեջանին:

«Ինչքան քրքրում ես` ձեռնտու էր միայն Ադրբեջանին», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա հավելեց, որ Հայրապետյանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում` նկատի ունենալով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Շիրխանյանի կարծիքը կիսում է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նա նույնպես կարծում է, որ գործարարի կալանավորումը կապ չունի Ռուսաստանի բարձրաստիճան իշխանավորների հետ, սակայն հավելեց, որ դա կազմակերպել են Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները:

Տեր-Թադևոսյանի կարծիքով, Հայրապետյանի կալանավորումը կապված է գործարարի վերջին նախաձեռնության` Ղարաբաղում Սուվորովյան ակադեմիայի հիմնման հետ:

Հարցին, թե կարող էին արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունները առանց երկրի նախագահի գիտության գնալ նման քայլի Տեր-Թադևոսյանն արձագանքեց. - «Կարող էին»:

Լևոն Հայրապետյանի ընկերները չշտապեցին մեկնաբանել մեր իշխանությունների լռությունը: Այս ընթացքում միակ արտահայտվողը վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որը նախ իր շնորհակալությունն էր հայտնել բոլոր բարերարներին, ապա հավելել. - «Բայց եթե մարդիկ օրենք են խախտում ու դրա համար կալանավորվում են, մենք ի՞նչ անենք»:

Կոմանդոսը լավատես է` համբերենք, նրանց քայլերը ժամանակը ցույց կտա. - «Չեմ կարող ասել: Բայց իմ կարծիքով, իրենք [Հայաստանի իշխանությունները] կարող են գործողություններ անել, բայց չհայտարարել»:

Միակ մարդը, որը կասկածելի համարեց իշխանությունների լռությունը, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էր. - «Նա, իհարկե, բազմաթիվ անգամ ասել է իր խոսքը այս համատարած կոռուպցիայի վերաբերյալ, անարդարությունների վերաբերյալ, արտագաղթի վերաբերյալ: Բայց ես չեմ կարող կապել... ես սպասում եմ, դուք բոլորդ էլ երևի սպասում եք, որ պետությունը պետք է իր խոսքն ասի այս խնդրում»:

«Ֆեյսբուք»-ում ստորագրահավաք սկսվել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Արդյունքները կուղարկվեն Մոսկվա` քննչական խմբին: Երևանում կանցկացվի նաև երթ:

Ամերիկահայ մեծահարուստ Վահագն Հովհանյանն առաջարկեց դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն` բողոքել, պարտադրել, որ ազատեն Հայրապետյանին:

Հայրապետյանն այս պահին գտնվում է «Մատրոսսկայա տիշինի» մեկուսարանում: Երևանում Հայրապետյանին բուժող բժիշկ Հենրի Բակունցն ասաց, թե բանտային պայմանները հակացուցված են Հայրապետյանին, քանի որ նա ինֆարկ և ինսուլտ է տանել, շաքարային դիաբետ ունի և պետք է ստանա ամենօրյա դեղորայքային բուժում:

Ինչպես այսօր հեռախոսով հայտնեց Մոսկվա մեկնած փաստաբան Արթուր Սաֆարյանը, առողջական վատ վիճակով պայմանավորված, գործարարին տեղափոխել են Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում գտնվող բուժկետը: Միջնորդություն է արվել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:

Սակայն Սաֆարյանը քիչ հավանական է համարում, որ այդ միջնորդությունը բավարարվի. - «Հիվանդությունների ցանկը, որ ներառված է իրենց նոր փոփոխված օրենքի մեջ, այդ հիվանդություններով իրավունք չունեն կալանքի վերցնեն: Այդ նույն հիվանդությունները ունի և Հայրապետյանը: Բայց, իհարկե, դատարանը դա հաշվի չի առել ու կալանավորել է: Դե պարզ է, քանի որ գործը պատվերով է, ինչո՞ւ պիտի հաշվի առնի»:

Սաֆարյանի փոխանցմամբ` Ռուբեն Մարգարյանի փոխարեն Հայրապետյանի պաշտպանությամբ այսուհետ կզբաղվի փաստաբանների ավելի փորձառու խումբ:

Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները պաշտոնապես հայտնի չեն: Արթուր Սաֆարյանի խոսքով` կոնկրետ մեղադրանքը կներկայացվի երկու օրից:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, խոսքը տնտեսական հանցագործության մասին է: Քննչական կոմիտեն ենթադրում է, որ «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ, և Հայրապետյանն այդ գործում եղել է միջնորդ:

Գործարարը ժխտում է այդ մեղադրանքները:

«Քննչական կողմը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ սպանի` հա'մ Ադրբեջանին հաճոյանա, հա'մ էլ բաժնետոմսերի խնդիրը կլուծի: Այսինքն հա'մ տնտեսական, հա'մ քաղաքական մի տեսակ հարց կա», - ասաց փաստաբանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG