Մատչելիության հղումներ

Քաշաթաղում ականի պայթյունից մի մարդ զոհվել է, Արմավիրի քաղաքապետը և ևս երկու հոգի՝ վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի տարածքում HALO Trust-ի կողմից վնասազերծված ականներ և այլ պայթուցիկ սարքեր, արխիվ

Լեռնային Ղարաբաղի տարածքում HALO Trust-ի կողմից վնասազերծված ականներ և այլ պայթուցիկ սարքեր, արխիվ

HALO Trust-ի վկայությամբ՝ նշված տարածքում ականների առկայության մասին երբևիցե որևէ տեղեկություն չի ստացվել:

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում այսօր ականի պայթյունից վիրավորված անձանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց մոտ ախտորոշվել են տարբեր կոտրվածքներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

Վաղ առավոտյան Քաշաթաղի Վաղազին գյուղում Toyota Prado մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի արդյունքում վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս երեք ուղևորները, որոնց թվում նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, հոսպիտալացվել են, այնուհետև Լեռնային Ղարաբաղից ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Երեքի վիճակն էլ բժիշկներն այս պահին գնահատում են կայուն ծանր, երեքն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բոլորի մոտ առկա են պոլիտրավմաներ՝ ուղեղի ցնցում, ուղեղի արյունազեղում, ոտքի սրունքի բաց կոտրվածք, ողնաշարի կոտրվածք, ուղեղի սալջարդ: Առայժմ կարող եմ ասել քաղաքապետի մասին, ուրեմն՝ նրա մոտ առկա է գլխուղեղի սալջարդ, ուղեղի արյունազեղում, ձեռքի հինգերորդ մատի վնասվածք և դեմքի բազմաթիվ վերքեր», - փոխանցեց Շուշան Հունանյանը:

Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ ականը, որը պայթեցրել է մեքենան, եղել է հակատանկային: Պատահարը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանում գտնվող Վաղազին գյուղի շրջակայքում, որտեղ, ի դեպ, շուրջ մեկ տասնյակ ընտանիք է բնակվում:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող HALO Trust կազմակերպությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ տարածքում իրենք չեն աշխատել, քանի որ նշված տարածքում ականների առկայության մասին երբևիցե որևէ տեղեկություն չի ստացվել:

Այն հարցին, թե արդյոք այդ ականը կարո՞ղ էր նոր տեղադրված լինել, HALO Trust կազմակերպության ներկայացուցիչ Գալա Դանիլովան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հստակ տեղեկություն չունեն այդ մասին:

Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի խոսնակ Արմեն Նարիմանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց տվյալներով՝ Քաշաթաղի շրջանի այդ տարածքներում ընդհանուր առմամբ չկան ականապատ դաշտեր, սակայն հատուկենտ ականների առկայություն հնարավոր է:

XS
SM
MD
LG