Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի պատգամավորի աշխատաոճը Երևանում


Սյունիքի մարզից ԱԺ պատգամավոր դարձած Արմեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում գնահատել է իր խորհրդարանական գործունեության անցած 10 ամիսները:

«Ազատության» հարցերին պատասխանել է անցյալ տարվա սեպտեմբերին Սյունիքի մարզից Ազգային ժողովի պատգամավոր դարձած և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը վայելող հանրապետական Արմեն Կարապետյանը:

Կարապետյանը ԱԺ-ում փոխարինեց Վահե Հակոբյանին, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն: Վերջինս ստիպված էր մարզպետի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել Կառավարությանը՝ Գորիսում տեղի ունեցած հայտնի արյունալի դեպքերից հետո:

Արմեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում գնահատել է իր խորհրդարանական գործունեության անցած 10 ամիսները: Նրան նախ հարցրինք, թե արդյո՞ք ավելի օգտակար չէր իր գործունեությունը բազմաթիվ խնդիրներ ունեցող Սյունիքի մարզում, քան մայրաքաղաքում:

«Ճիշտն ասած՝ սկզբնական շրջանում այնքան էլ շուտ չէի կողմնորոշվում, բայց, կարելի է ասել, մի քանի ամիս հետո սկսեցի կողմնորոշվել, և այն խնդիրները, որոնք գործադիր մարմնում ես տեղեկացված էի, և այսօր էլ ընդգրկված եմ տարածքային կառավարման հանձնաժողովում, և քանի որ երկար տարիներ համայնքի ղեկավար եմ աշխատել, բավականին խնդիրներ կան, որ ես այստեղ բարձրացնում եմ և գտնում եմ, որ ինչ-որ տեղ օգտակար եմ ես Ազգային ժողովում», - ասաց պատգամավորը:

«Ազատություն»․ - Փաստորեն Երևանում եք ապրում, աշխատում: Ձեզ Երևանում ապրել, աշխատե՞լն է դուր գալիս, թե՞ հեռավոր որևէ քաղաքում:

Արմեն Կարապետյան․ - Ամեն դեպքում իմ հայրենիքը իմ համար ավելի լավ է, բայց Երևանում էլ վատ չէ, այդ կապը միշտ էլ կա հայրենիքի հետ:

«Ազատություն»․ - Եթե կապը կա Ձեր հայրենիքի հետ, ինչո՞ւ չեք, օրինակ, Ծավ գյուղի խնդիրները բարձրացնում՝ էդ տնակների հարցը, ճանապարհի հարցը: Գիտեք, որ ճանապարհի կառուցման հետևանքով 35-ից ավելի ընտանիքներ իրենց սեփականությունից զրկվել են առանց փոխհատուցման:

Արմեն Կարապետյան․ - Խնդիրները, գիտեք ինչ, բավականին բարձրացված են, չի կարելի ասել, որ խնդիրները բարձրաձայնվում են հենց Ազգային ժողովում բանավոր կարգով: Բավականին խնդիրներ կան, որ բարձրացված են գրավոր: Կոնկրետ այս հարցով մարզպետը այդ խնդիրը բարձրացրել է, ես տեղյակ եմ, Կառավարությունում այդ խնդիրը կա, քննարկվել է, գործին ընթացք է տրվել: Թե ինչ ժամանակահատվածում կարելի է բավարարել այդ բնակիչներին, ես չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ, այս խնդիրը մարզպետի կողմից բարձրացված է, և ես էլ ընդամենը տեսնում եմ, որ այդ խնդրի լուծումը տրվում է:

«Ազատություն»․ - Կոնկրետ ի՞նչ է արվում, որ տեսնում եք:

Արմեն Կարապետյան․ - Կոնկրետ, գիտեք ինչ, ժամանակահատվածներ կա, որ այդ ժամանակահատվածներում պետք է այդ խնդիրները լուծվեն: Այնպես չի, որ ․․․

«Ազատություն»․ - Ի՞նչ ժամանակահատվածում:

Արմեն Կարապետյան․ - Ես չեմ կարող ասել, դա կախված է մեր բյուջեից: Ընդհանրապես, խնդիրները այնպես չի, որ հարցը բարձրացնեն, անմիջապես լուծում տրվի, բայց գտնում եմ, որ այս հարցին անպայման լուծում պետք է տրվի:

«Ազատություն»․ - 10 տարի է ճանապարհի հետ կապված խնդիր կա: 10 տարին քի՞չ ժամանակ էր, որ այդ խնդիրը լուծվեր:

Արմեն Կարապետյան․ - Այնուամենայնիվ, ես ասեմ, այնտեղ լուծվել են շատ-շատ խնդիրներ․․․

«Ազատություն»․ - Կոնկրետ սեփականության հարցը, որը Եվրոպական կոնվենցիայով ֆիքսված է որպես գերակա իրավունք, այդ իրավունքը խախտվել է: Ի՞նչ եք Դուք անում որպես պատգամավոր: Ձեր ընտրողների խնդիրն է, ի՞նչ եք անում:

Արմեն Կարապետյան․ - Ես, ավելի ճիշտ եթե ասեմ, նախ, ընտրողները ինձ չեն դիմել այդ հարցով: Ընդհանրապես, ես տեղյակ եմ, այո, բայց ես այդպիսի խոստում չեմ տվել․․․ Ես Ձեզ ասեմ, խոստում տվել ենք, բայց չենք ասել, որ այդ հարցը այս ժամանակահատվածում մենք պետք է լուծենք: Ես այսպիսի խոսք չեմ արտահայտել: Ես ընդամենը գտնում եմ, որ այդ հարցը բավականին լուրջ խնդիր է և որոշակի ժամանակահատվածում պետք է լուծվի: Եվ մարզպետարանը բավականին լուրջ բարձրացրել է էդ խնդիրը կառավարությունում․․․

«Ազատություն»․ - Դրանից հետո չի լուծվում: Միգուցե Դուք Կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնե՞ք: Պատրաստվո՞ւմ եք նման քայլի դիմել:

Արմեն Կարապետյան․ - Ես Ձեզ ասեմ մի կարևոր խոսք, որ այն չի, որ դու հարցուպատասխանի ժամանակ բանավոր հարցը բարձրացնես: Ավելի լուրջ աշխատանք ա կատարվել, երբ որ դու գրավոր ներկայացնում ես համապատասխան գերատեսչություն:

«Ազատություն»․ - Դուք գրավոր ներկայացրել ե՞ք:

Արմեն Կարապետյան․ - Անկեղծ ասած՝ չեմ ներկայացրել, որովհետև դրանով հիմա զբաղվում է մարզպետարանը․․․

«Ազատություն»․ - Մարզպետարանի զբաղվելու արդյունքը չկա, հետևանքը չկա, Դուք, որպես պատգամավոր, միգուցե Դո՞ւք էլ փորձեք:

Արմեն Կարապետյան․ - Շատ նմանատիպ խնդիրներ կան, որ իմ օրակարգում են, ես անընդհատ ներկայացնում եմ, և դրան էլ կհասնենք, որ կներկայացվի:

«Ազատություն»․ - Կասե՞ք երբ:

Արմեն Կարապետյան․ - Ես նախապատրաստվում եմ աշնանը՝ արդեն նոր նստաշրջանին բավականին մեծ ծրագրով ներկայացնել, ասենք, ոչ միայն դրա վերաբերյալ, այլ Սյունիքում բավականին հիմնախնդիրներ կան ներկայացնելու և ինչու եմ հատկապես աշնանը ներկայացնում, որ կարողանանք 2015 թվականի բյուջեում ներարկել այդ խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG