Մատչելիության հղումներ

Նորածինների համար պետության խոստացած նպաստների վճարումը ձգձգվում է


Նորածինների համար պետության խոստացված նպաստների վճարումը ձգձգվում է
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Պատասխանատու գերատեսչությունն էլ ձգձգումների պատճառները չի նշում:

Երեք երեխայի հայրը, ով ներկայանալ չցանկացավ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն վեց ամիս սպասում են երրորդ երեխայի համար պետության խոստացած միանվագ նպաստի երկրորդ մասին, որը 500 հազար դրամ (մոտ 1230 դոլար) է կազմում, և արդեն հույսն էլ կորցրել են, թե երբևէ կստանան:

Հիշեցնենք, առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում պետության տրամադրած միանվագ նպաստը 50 հազար դրամ է, իսկ այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և չորրորդ երեխայի համար պետությունը մեկ միլիոն դրամ էր խոստացել, ընդ որում, այդ գումարի կեսը, որն առձեռն է տրամադրվում, այս ընտանիքներին վճարվել է 3-4 ամիս ուշացումով՝ գարնանը, մինչդեռ երեխաների ծնողներն ասում են, որ այդ գումարի կարիքը խիստ զգացվում էր հատկապես ձմռանը, երբ էլեկտրաէներգիայի և գազի թանկացումից հետո ստիպված էին բարձր կոմունալ վարձեր վճարել:

Գումարի երկրորդ մասը տրվում է ոչ թե առձեռն, այլ փոխանցվում է հատուկ բանկային հաշվեհամարի վրա։

«Ազատության» զրուցակցի խոսքով՝ նույնը կրկնվում է գումարի երկրորդ մասի հետ. հաշվեհամարին մինչ օրս որևէ փոխանցում չի կատարվել, մինչդեռ իրենք վարձով են բնակվում, և այդ գումարը հնարավորություն կտար հիփոթեքային վարկ ստանալ:

«Ինձ շատ անհրաժեշտ էր այդ գումարը, բայց իրենք այնպես են անում, որ այդ փողը չծախսես, էդ փողը օդում կախված լինի», - ասաց ընտանիքի հայրը։

Նշենք, որ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում շարունակաբար խուսափում են պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է, ի վերջո, ձգձգվում նպաստների վճարումը, ի պատասխան հեռախոսազանգերի միայն ասում են, թե համապատասխան պաշտոնյան զբաղված է, և հայտնի չէ, թե երբ կազատվի:

էթնոժողովրդագիր Համլետ Սարգսյանը պետության կողմից միանվագ օգնության ձգձգումը անընդունելի է համարում, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը բնակչության թվի լուրջ խնդիր ունի՝ նվազող ծնելիության ցուցանիշ և արտագաղթի մեծ տեմպեր:

«Նպատակը ո՞րն է դրա, որ հետո՞ տանք, ինչի՞ հետո տանք։ Հետո դուք չեք լինելու՝ որիշն է լինելու, ասելու է՝ ես չեմ տալու, որովհետև ես տենց բան չեմ որոշել, և հետո, սենց ձնագնդիի նման պետք է գլորվի՞, ինչո՞ւ։ Տալի՞ս եք՝ տվեք։ Մյուս երկրներում էդպիսի բան կա՝ ովքեր երեխա են ունենում երկու, երեք, ընդ որում՝ ամեն երեխունը բարձրանում է, ի՞նչ է եղել, այստեղ էլ թող անեն, մանավանդ՝ հարկերն անընդհատ բարձրանում են, գները բարձրանում են, ես չգիտեմ՝ սենց ո՞ւր ենք գնում, արտագաղթն է ավելանում, ուրիշ ոչ մի բան», - ասաց Սարգսյանը։

Էթնոժողովրդագիրն ասում է՝ և սա այն դեպքում, երբ Հայաստանում մեկ կինն անգամ երկու երեխա չի ունենում և պարզ վերարտադրություն չի ապահովվում։

«Մենք գիտենք ընտանիքներ՝ հիմնականում երկու, երեք երեխա, իրենք իրենց չեն վերարտադրում, այսինքն՝ երկու երեխա ունեցողը դա զրո է. կինն իր և ամուսնու փոխարեն բերեց, ասենք, երկու երեխա, դա ոչինչ չտվեց մեր հասարակությանը, մեր երկրին՝ բնակչության թվի ավելացման համար, եթե երեք է բերում, արդեն՝ պլյուս մեկ, ինքն իր պարտքը կատարած պետք է համարի, այսինքն՝ էլ էդ մարդը ո՞նց կատարի, տվե՛ք հնարավորություն՝ թող կատարի, չեն տալիս», - ասաց Սարգսյանը։

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը փաստում է, որ երեք երեխա ունեցող ընտանիքների թիվը վերջին 20 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է:

«Լավագույն ցուցանիշներն ունեցել ենք 1990, 1991, 1992 թվականներին. երրորդ և բարձր կարգի ծնունդները կազմել են 30 տոկոս և մի փոքր ավելի, 2000-ականներին՝ 2000, 2001, 2002՝ 16 տոկոս, և 2012 թվականի ցուցանիշը, որ այս պահին պատրաստ է՝ 15.4 տոկոս», - փոխանցեց Կույումջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG