Մատչելիության հղումներ

Ծառայակցին «92 պատրոնով» սպանած զինվորը «հաշմանդամ է եղել»


Ղարաբաղի մարտական հենակետերից մեկում օրերս սպանված 20-ամյա Գևորգ Ավագյանը 5 ամիս անց պետք է ավարտեր ծառայությունը և տուն վերադառնար։ Նա սպանվել է հրազենային վիրավորումից: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից չհերքեցին այն լուրերը, որ զենքի ամբողջ փամփշտատուփը դատարկել են Գևորգի վրա։

Զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը՝ 6 ամսվա զինծառայող, 19-ամյա շարքային Արմեն Սարգսյանը։ Քրեական գործը հարուցված է դիտավորյալ սպանության հոդվածի հատկանիշներով, ինչի համար նախատեսված է մինչև 15 տարվա ազատազրկում։

Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պահակակետում հուլիսի 18-ին, գիշերային հերթապահությունից հետո: Վարկածներից մեկի համաձայն, Արմեն Սարգսյանը քնած է եղել, ծառայակիցը փորձել է նրան արթնացնել ու դիտողություն անել հերթապահության ժամանակ քնելու համար: Սկսվել է վիճաբանություն, Արմեն Սարգսյանը զենքը պարզել ու ամբողջը կրակել է։

Սպանված Գևորգ Ավագյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է. Գյուղը ցնցված է կատարվածից. գյուղապետը Հայկ Հովհաննիսյանը, ով նաև ազգակցական կապերի մեջ է Ավագյանների ընտանիքի հետ, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գևորգը բանակում որևէ խնդիր երբևէ չի ունեցել. - «Բոլորը գոհ են եղել իրենից, ինքն էլ` նրանցից։ Մայրը երեկ հազար անգամ ասեց, որ հրամանատարներից միշտ շնորհակալ է եղել երեխեն, որ այդքան լավ հրամանատարներ են, այդքան լավ տեղ է։ Ես չեմ հասկանում ինչ է եղել պատճառը, որ երեխեն էդպես եղավ»։

Ընտանիքը, գյուղապետի փոխանցմամբ, տեղյակ չէ ողբերգությանը նախորդած որևէ վիճաբանության կամ լարվածության մասին. - «Մի քանի ժամ առաջ ոնց որ ծնողների հետ զանգել խոսել է՝ ուրախ-զվարթ, ամեն ինչ նորմալ է եղել: Ինքն իր դիմումի համաձայն է բանակ գնացել։ Անվճարն էր ընդունվել Մանկավարժականի ժողգործիքների, գնաց դիմում գրեց զինկոմիսարիատում, որ ուզում է իր հասակակիցների հետ գնա ծառայության... Չորս տարի հետո կարող էր գնալ, բայց իր հոժար դիմումի համաձայն գնաց»։

Գևորգ Ավագյանի սպանության մեջ կասկածվող Արմեն Սարգսյանը Ալավերդու շրջանից է` Սանահինից։ Նրա հայրը Հրաչյա Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ որդին ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Նա խիստ վրդովված պատմեց, որ իր տղան երրորդ կարգի հաշմանդամ է: Սրտի անբավարարությամբ, ճարպակալությամբ, ոտքերի հարթաթաթությամբ ոչ միայն բանակ են զորակոչել, այլև տարել են մարտական դիրքեր: Նյարդային խնդիրների մասին հայրը գերադասեց չխոսել, ասաց՝ չեն ստուգել, գուցե բանակում Արմենը դա է՞լ է ձեռք բերել։

Կասկածյալի ընտանիքի համոզմամբ` որդուն վիրավորանքներով են դրդել նման քայլի. - «Երեխեն խրամատում նստած, նոր զինվոր, առաջին անգամ պոստերում, գիշերը հերթապահություն, հերթապահությունից լարված վիճակ: Ցերեկը որ լուսանում է, երևի էդ լարվածությունը թողում է, մի քիչ հանգստանում է, կողքից է լարվածություն սկսվում։ Էնքան դավադիտ են արել, երեխես ... 92 պատրոն մարդու վրա կրակելը դա ի՞նչ է նշանակում... ոչ մարդկային արարք է արել իմ երեխեն... Վարկածը մնում է, որ վեր են կացրել, ամեն ինչ ասել են, հայհոյանքներ, որ մարդու սրտին է կպչում, երկրորդ անգամ են ասել... Մի երկու անգամ, որ՝ էլ քո մերն, էլ քո էսն, էլ քո էնը՝ էդքան բանից հետո է էդքան կրակոցները եղել։ Բանակում արդեն դառել է տրադիցիա, որ անպայման պիտի սալդատը սալդատին մեր ասի... դրանից ոչ մեկը զարմանում»։

Հայրը չբացառեց, որ Արմեն Սարգսյանից ու Գևորգ Ավագյանից բացի, այլ մարդիկ էլ են այդ պահին եղել խրամատում. - «Մեկ ասում են երեքով են եղել... հետո ասում են մենակ է եղել [Գևորգ Ավագյանը]... ես չգիտեմ»:

Նա կատարվածի համար պատասխանատու է համարելով նաև հաշմանդամ պատանուն առաջին գիծ տանողներին. - «Երեք անգամ էլ Ղարաբաղում են իմ երեխու համար կամիսիա անցկացրել... Հատուկ իմ երեխու համար երեք անգամ կամիսիա են անցկացրել... Ցույց է տվել, որ ինքը պիտի լինի թիկունքի ծառայող, ոչ թե առաջին գծի ծառայող, զինգրքույկում գրված է՝ ոչ շարային, իսկ ես էդքան ուժ չունեմ, որ գնամ պետության դեմ կռիվ... Եթե գրված է ոչ շարային, ինքը ո'չ շարային պիտի քայլի, ո'չ դիրքերում պիտի լինի, որովհետև երկար կանգնել իրեն չի կարելի: Ինքը պիտի լինի թիկունքի ծառայող, ճաշարան, նման տեղեր.... Եթե նման գործեր կա բանակում, ի՞նչ պարտադիր է, որ հիվանդը դիրքերում լինի, առողջը` ճաշարանում»։

Պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ կնշանակվի փորձաքննություն և կպարզվի, թե արդյո՞ք Արմեն Սարգսյանին դիրքեր ուղարկել են օրենքի խախտմամբ և արդյո՞ք նա նման արարք կատարել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում։

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա նման առաջին դեպքը չէ, երբ հիվանդ զինվորներին ուղարկել են դիրքեր. - «Մարտական հերթապահության ծառայությունը շատ ծանր ծառայություն է. պետք է լինել ֆիզիկապես առողջ, միշտ զգոն, պատրաստ, որպեսզի կարողանաս այդ ծանր ճնշման տակ դիմանալ։ Այն, որ իրենք իրավունք չունեին մարտական հենակետ տանել զինվորին՝ դա միանշանակ է, այն, որ դրա համար պետք է օրենքով պատասխանատվություն կրեին տանողները՝ դա էլ միանշանակ է։ Սակայն մինչ օրս հիվանդ զինվորներին մարտական դիրքեր տանելու շատ դեպքեր են եղել, սակայն երբեք ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Ի՞նչն է պատճառը. այստեղ ոչ շարային ծառայությունը տաքուկ տեղ է, ուր սովորաբար ընկնում են ծանոթի միջոցով, կամ անձանց շահագրգռելու միջոցով։ Իսկ հիվանդները պետք է միշտ էլ ծառայեն այնտեղ, որտեղ իրենց ուղարկում են։ Այսինքն զինվորը բանակում այսօր ստրուկ է, նրա իրավունքները հավասար են զրոյի»։

Ռուբեն Մարտիրոսյանը նաև կասկածի տակ է դնում Գևորգ Ավագյանի դաժան սպանության այսօր շրջանառվող վարկածները։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG