Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր անվտանգության քաղաքականությունը»


Մինչ Հայաստանի իշխանությունները ընդունում են, որ Ուկրաինայի հարցում Արևմուտք - Ռուսաստան սրվող հակասությունները բացասաբար կանդրադառնան մեր երկրի անվտանգության ապահովման վրա՝ դժվարացնելով համադրելի արտաքին քաղաքականություն վարելը` փորձագետները նախազգուշացնում են, որ մալազիական «Բոինգի» կործանումից հետո Ռուսաստանը կարող է հավասարեցվել միջազգային ահաբեկչությանը աջակցող երկրներին, ուստի Մոսկվայի հետ որևէ հարաբերություն աշխարհը կդիտի ոչ լեգիտիմ՝ դրանից բխող հետևանքներով:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք չենք առաջնորդվում շահերի հակասությունների քաղաքականությամբ: Մենք դեմ ենք ցանկացած տեսակի բաժանարար գծերի քաղաքականությանը և փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել համադրությունների և երկարատև համագործակցության ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ):

Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալազիական «Բոինգ 777» ինքնաթիռի ողբերգական կործանումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե Վաշինգտոնը փաստեր ունի, որ Ռուսաստանը աջակցել, զինել է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին՝ նրանց փոխանցելով հրթիռային համալիրներ, որոնց օգնությամբ էլ, ենթադրաբար, խփվել է «Բոինգը»:

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի վարչապետերն ու Ֆրանսիայի նախագահը հանդես համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով Ռուսաստանից ազդել անջատողականների վրա, որպեսզի նրանք թույլատրեն միջազգային դիտորդների անարգել մուտքը ավիաաղետի վայրը` սպառնալով հակառակ դեպքում մինչև այս շաբաթվա վերջ ընդլայնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ:

Իր հերթին, երեկ երեկոյան հրատապ հեռուստաուղերձով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ կոչ անելով «Բոինգի» կործանումը չօգտագործել քաղաքական նպատակներով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, թե այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ռուսաստանը զինել է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին և, ըստ ամենայնի, այդ անաջատողականների արձակած հրթիռն է դարձել քաղաքացիական օդանավի կործանման պատճառ, այս միջադեպը կարող է շատ ավելի մեծ վնաս հասնցնել Պուտինի վարչակազմին, քան պատժամիջոցները:

«Սա նաև նշանակում է, որ Եվրամիությունը կդառնա ավելի միացյալ, որովհետև սա հարձակում էր Եվրամիության քաղաքացիներ տանող ինքնաթիռի դեմ, որը մեկնում էր Ամստերդամից: Սա ուղղակի մարտահրավեր է Եվրամիությանը: Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահը գին է վճարելու այս միջադեպի համար», - ասաց Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ, այս ավիաղետով պայմանավորված նոր պատժամիջոցները, և Արևմուտքի դիրքորոշման կոշտացումը Ռուսաստանի նկատմամբ այլևս պետք է ընկալել որպես քայլեր ուղղված Եվրասիական միության դեմ:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, «Բոինգի» կործանումից հետո Արևմուտքի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կարող է սկզբունքորեն փոխվել և Մոսկվան այլևս կդիտարկվի որպես հակառակորդ՝ դասվելով միջազգային ահաբեկչությանը աջակցող պետությունների շարքում:

«Եվ սա չի կարող չազդել դեպի Եվրասիական միություն շտապող Հայաստանի նկատմամբ», - նշեց Մեհրաբյանը: - «Փաստորեն Ռուսաստանի հետ ցանկացած տնտեսական համագործակցություն այլևս ոչ լեգիտիմ է: Եվ Հայաստանը պետք է շուտափույթ դիմի ուղղակի դրամատիկ քայլերի: Այն է` արմատապես վերանայի իր անվտանգության քաղաքականությունը, արմատապես վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը, արմատապես վերանայի իր տեսլականը դաշնակիցների հետ կապված»:

XS
SM
MD
LG