Մատչելիության հղումներ

logo-print

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է մերժել այնթափցի Պետրոսյանների ընտանիքի փոխհատուցման պահանջը։

Պետրոսյանները պնդում են, որ գազամատակարարող ընկերության կողմից անցկացված խողովակից գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով իրենց առողջությանը և գույքին պատճառված վնասի համար մեղավոր է «Գազպրոմ Արմենիան»: Ընկերությունն իր հերթին հակադարձում է, թե փոխհատուցում կտրամադրի միայն դատարանի համապատասխան որոշման պարագայում։

Պետրոսյաններն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա»-ի գործը մեկ տարուց ավելի տևած քննությունից հետո այսօր վերջապես հայտնվեց դատարանում, սակայն դատական նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե։ Մեղադրվողներից մեկը, ով նախկինում հրաժարվել էր պաշտպանից, նիստի սկզբում հայտարարեց, որ պաշտպան է պահանջում, ինչի պատճառով էլ դատը գրեթե երկու ամսով հետաձգվեց։

Հիշեցնենք՝ 2013-ի մայիսին Այնթափ գյուղում գտնվող ՊԵտրոսյանների տան հարևանությամբ անցնող պոլիէթիլենից պատրաստված գազատար խողովակը պատռվել էր, ինչի հետևանքով գազը նրանց տուն էր լցվել, իսկ քիչ ավելի ուշ ծխախոտի կայծից պայթյուն էր տեղի ունեցել՝ բնակարանը վերածելով ավերակի։

27-ամյա Արտակ Պետրոսյանը խորը այրվածքներ էր ստացել և դարձել 2-րդ կարգի հաշմանդամ, իսկ ընտանիքի հղի հարսը՝ Հայարբի Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներ էր ստացել։

Արդյունքում՝ արդեն մեկ տարուց ավելի է 6 հոգանոց ընտանիքը բնակարան չունի, վարձով ապրելու համար գումար չունեն, չեն կարողանում բուժել նաև հաշմանդամ տղային։

Հետաքրքիր է, որ մեկ տարուց ավելի տևած նախաքննության ընթացքում ոստիկանությունը պնդում էր, որ գործը ծավալուն է, այդ պատճառով է քննությունը երկար է տևում, մինչդեռ դատարան ներկայացված գործում, ըստ տուժող կողմի փաստաբանի, լուրջ բացթողումներ կան։ Ռազմիկ Թովմասյանը ընդգծեց, որ դատարան ներկայացված գործում որպես մեղադրյալ են ներկայացվել «Գազպրոմ Արմենիա»-ի շարքային աշխատակիցներ, օրինակ՝ ընկերության աշխատակիցներից մի փականագործ, մինչդեռ այն պաշտոնյաները, ովքեր իրականում պատասխանատու են գծի շահագործման համար, այսօր ազատության մեջ են։

«Մեղադրանք չեն առաջադրել շահագործման ընդունման հանձնաժողովի նախագահ Գրիշա Լյովայի Հարությունյանին, Արայիկ Ալիկի Ասատրյանին, Վլադիմիր Հարությունյանին: Սրանք այն անձինք են, որոնք ստորագրել են այն փաստաթուղթը, որ շահագործման համար գիծը լավագույն վիճակում է, աշխատանքները լավ են կատարվել», - նշեց նա:

Պետրոսյանների ընտանիքը համարում է, որ «Գազպրոմ Արմենիա» բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես կարողացել են խուսափել պատասխանատվությունից։

Դատարան ներկայացված գործում, ըստ փաստաբանի, մյուս լուրջ բացթողումն այն է, որ պայթյունի հետևանքով երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ ՊԵտրոսյանի մասին ոչինչ չկա, չի հիշատակվում նաև վնասվածքներ ստացած հղի Հայարբի Հովհաննիսյանը: Պետրոսյանների կարծիքով այս ամենը միտումնավոր է արվում։

«Մեր հարսին ամբողջ նախաքննության ընթացքում իրենք տուժող են ճանաչել, բայց մեղադրականի մեջ ոչ մի խոսք չկա, որ Հայարաբին տուժող է եղել», - մեզ հետ զրույցում ասում էին Պետրոյանները: - «Պայքարելու ենք մինչև վերջ», - հավաստիացնում էին նրանք:

Նախաքննությունը իրականացրած մարմնից ընտանիքին պատասխանել են, որ նշված բոլոր բացթողումները պարզապես վրիպակներ են։

Տուժող կողմի փաստաբանը այս հարցերով միջնորդություններ է ներկայացնելու դատարան։

XS
SM
MD
LG