Մատչելիության հղումներ

Ծեծի արդյունքում մահացած ազատամարտիկի գործով երկու կալանավորված կա


Ոստիկանությունը չի բացառում, որ ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով նոր ձերբակալություններ կլինեն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է՝ այս պահին մեղադրանք է առաջադրված 2 հոգու՝ «Ջունգըլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանին ու նրա քրոջ որդուն՝ Սարգիս Ղուկասյանին: Նրանք կալանավորված են։

Ազատամարտիկը մահացել էր անցած երեքշաբթի՝ հիվանդանոցում։ Քրեական գործում ասվում է, որ նրան իր տան բակում ծեծել էին հետագայում կալանավորված երիտասարդները։

Դեպքից հետո ընտանիքը Վարդանին տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ նա գլխուղեղի վիրահատություն էր տարել։

Ազատամարտիկի ընտանիքը պնդում է, որ ծեծին ոչ թե երկու, այլ 4 հոգի են մասնակցել և, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը։

«Իրենք ուզում են խաղը տանել այնպես, որ իբր մասնակցել են «Ջունգըլ»-ն ու Սարգիսը: «Ջունգըլ»-ը բան չի արել, ընդամենը Վարդանին գրկել է, որ առանձնացնի, տանի։ Միայն Սարգիսն է խփել, այսինքն միակ խփողը Սարգիսն է», - մեզ հետ զրույցում պնդեց Վարդան Թումայնանի քույրը՝ Մարիետա Թումանյանը։

Կալանավորված երիտասարդների փաստաբան Կարեն Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ մահացածի ընտանիքը խեղաթյուրում է իրականությունը։

«էդ տեղեկատվությունը, որ տարածել են, որպես այդպիսին, խեղաթյուրված է և իրականությանը չի համապատասխանում»,- ասաց փաստաբանը։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով. կալանավորված Սարգիս Ղուկասյանն ու Գևորգ Սարգսյանը մեղադրվում են դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Փաստաբանն ասում է, որ նման հոդվածով մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, քանի որ առայժմ պարզ չէ մեկ հանգամանք՝ ազատամարտիկը մահացել է ծեծի՞, թե՞ վիրահատության արդյունքում։ Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն։

«Սակայն դեռևս պարզված չէ, ինչի՞ց է առաջացել անձի մահը, որովհետև, անձի մահը վրա է հասել բժշկական միջամտության արդյունքում, դեռևս քննություն պետք է արվի և պարզվի՝ որն է իրականությունը»,- փոխանցեց Կարեն Մկրտչյանը։

Ազատամարտիկի ընտանիքը քննադատում է պաշտպանին այս եզրակացության համար։

Կինը՝ Տատյանա Մելքումյանը, զայրույթով է վերհիշում փաստաբանի խոսքերը։

«Ծաղրանքով, ձեռք առնելով․․․ Վիշտը իմն էր, կարող էր ինքը կոռեկտ պահել իրեն»,- ասում է ազատամարտիկի կինը։

Վարդան Թումանյանի ծեծին ներկա են եղել կինն ու դուստրը։ Նրանք պնդում են, որ անպաշտպան մարդու ծեծին մասնակցել են հայր ու որդի՝ Բաբկեն ու Գևորգ Սարգսյանները, և Բաբկենի թոռները՝ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը։

Բաբկեն Սարգսյանը վրեժ է լուծել մոտ մեկ ժամ առաջ թաղամասի զրուցարանում տեղի ունեցած վեճի համար։ Վարդան Թումանյանը հետևելիս է եղել նրա շախմատային խաղին։ Բաբկենը Վարդանին թուրք է անվանել, վեճ է ծագել, ինչն այդ պահին շարունակություն չի ունեցել։

Ազատամարտիկի քրոջ՝ Մարիետա Թումանյանի համոզմամբ՝ ճաղերի հետևում երկուսի փոխարեն պետք է 4 հոգի հայտնվեն։

«Ես դառնալու եմ համար առաջին տեռորիստը, որովհետև աստվածավախ մարդ եմ այսօր, բայց ես արդեն իսկականից ինձ չեմ տիրապետում, ես ո՞նց կարող եմ պատասխան տալ կնոջն ու իր չորս երեխաներին, էդ ընտանիքին»,-ասաց Թումանյանը։

Վարդան Թումանյանը «Սուրմալու» ջոկատի կազմում է մասնակցել ղարաբաղյան պատերազմին։ Մարտական ընկերներին ցնցել է նրա մահը։ «Սուրմալու» ջոկատի շտաբի պետ Արթուր Մարգարյանի համար ևս տարօրինակ է կալանավորվածների փաստաբանի դիտարկումները, թե դեռ պարզ չէ, թե մահը ինչի արդյունքում է վրա հասել։

«Բայց, անբարոյականություն է, որովհետև կա արդեն պատասխանը, որ գլխուղեղի ծանր կոտրվածքներ և այլն, արյունազեղում կա, այսինքն, եթե ինսուլտ էլ եղել է, էլի այդ ծեծից է եղել։ Պատերազմն անցավ, եկավ ամեն ինչ անցավ, ամեն ինչ նորմալ ու այսպես պետք է մահանա՞, էն էլ վայրենաբա՞ր, ես չեմ պատկերացնում»,-ասաց «Սուրմալու» ջոկատի շտաբի պետը։

Մարգարյանը, ինչպես և ազատամարտիկի հարազատները, հավատում են, որ կպատժվեն բոլոր մեղավորները։

«Այն, ինչ-որ եղել է, եթե ճիշտ ընթացք տրվի, պետք է որ պատժվեն բոլորը»,-փոխանցեց Մարգարյանը։

54-ամյա Վարդան Թումանյանը արհեստավոր էր՝ 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը։

XS
SM
MD
LG