Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է Թբիլիսիում տեղի ունեցածը


Էջմիածնի Մայր Տաճարը

Էջմիածնի Մայր Տաճարը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում իր խորը մտահոգությունն է հայտնում հուլիսի 19-ին Թբիլիսիում կատարվածի առնչությամբ և դատապարտում «ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը»:

«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ», - ասված է հայտարարությունում:

«Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների», - նշում է Մայր Աթոռը՝ ընդգծելով․ - «Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG