Մատչելիության հղումներ

Սևանից 240 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն բաց կթողնվի 270 մլն խորանարդ մետր


«Սևանա լճի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյուքնում այս տարի Սևանից բաց կթողնվի առավելագույնը ոչ թե 240 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչպես նախատեսված էր այդ փոփոխությունների նախագծով, այլ 30 միլիոն խորանարդ մետրով ավելի: Այս մասին բնապահպանները տեղեկացել են միայն օրեր առաջ:

Հիշեցնեմ, որ մինչև օրենքում փոփոխություններ կատարելը Սևանից թույլատրվում էր վերցնել 170 մլն խմ ջուր: Երբ այս տարի առաջարկվեց այդ թիվը հասցնել 240-ի բնապահպանները մեծ աղմուկ բացձրացրին, նամակներով դիմեցին տարբեր ատյաններ, քննարկումներ կազմակերպեցին, սակայն անարդյունք: Մինչդեռ, պարզվում է, որ նախագծով առաջարկված 240 միլիոնը ոչ միայն չի նվազեցվել, այլև զգալիորեն ավելացվել է:

Ակտիվիստ Արթուր Գրիգորյանն ասում է, որ Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ հասարակության ուշադրությունը սևեռված էր կուտակային համակարգի վրա, օրենքը արդեն փոփոխված տարբերակով երրորդ ընթերցմամբ ընդունվել է:

«Ապրիլ ամսին եղել էին բովանդակային քննարկումներ, փաստարկված հիմնավորումներ, որ չի կարելի, 240­-ն էլ է շատ, բայց բերեցին մեկ օրվա ընթացքում ավելացրին, շտամպը խփեցին գնացին: Հավելյալ ջրառի հիմնավորումը հիշում եք, որ Արարատյան արտեզյան ավազանը իջել է և այլն: Օրենքը ընդունվեց, հավելյալ ջուր բաց թողնելու վերաբերյալ անմիջապես հետո Կառավարությունը մեկ այլ որոշում ընդունեց՝ Արարատյան արտեզյան ավազանի հորատանքցքերը բացել», - ասում է Գրիգորյանը:

«Էկոլուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանն ասում է, որ Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառն անգամ մեծ վնասներ կհասցնի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող լճին: Առանց այդ էլ, ըստ նրա, Սևանում արդեն բացասական բալանս է նկատվում, լճի մակարդակը իջել է 9-10 սանտիմետրով․ - «Նոր որոշումը ահավոր հետևանք պետք է ունենա, քանի որ մեր փորձագետների գնահատմամբ Սևանի մոտ 60 տոկոս ջուրը արդեն պիտանի չէ իշխանի համար»:

Ըստ նրա՝ լիճը շուտով ճահճացման վտանքի առջև կկանգնի:

«Սևան-Հրազդան» ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հենց իրենք են դիմել 240 խմ-ը 270 դարձնելու անհրաժեշտությամբ: Հարցին, թե ինչու այդ թիվը այդպես հանկարծակի փոխվեց և մեծացվեց հենց հունիս ամսին, երրորդ ընթերցման ժամանակ, Հովհաննիսյանը նշեց, որ միայն հունիս ամսին է պարզ դարձել, որ ոռոգման համար նախատեսված ջուրը շատ ավելի քիչ է:

«Մայիս ամսին 57 տոկոսով քիչ ջուր է բերել Հրազդան գետը, հունիսին 45-47 տոկոս քիչ ջուր է բերել նույն Հրազդան գետը: Հուլիս ամսին արդեն մի կուբամետր պակաս է նախատեսվածից: Այսինքն մենք ժողովրդին ոնց պիտի ջուր տանք: Հիմնականը դա է՝ սակավաջրություն», - հավելեց Հովհաննիսյանը:

Ի դեպ, բնապահպաններին անհանգստացնում է ևս մեկ խնդիր՝ անսարք խողովակաշարերի պատճառով, ըստ նրանց, Սևանից գյուղացուն հասնող ջրի 80 տոկոսը պարզապես տեղ չի հասնում:

«Սևան-Հրազդան» ջրառ ընկերության ղեկավարը խոստովանում է, որ կորուստներ կան, սակայն ոչ այդ չափերի: Իրենց հաշվարկների համաձայն, իրենք կորցնելու են 270 մլն խմ ջրի 30-40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG