Մատչելիության հղումներ

Լիանա Հովհաննիսյան. «Չեն կարող տղայիս կոտրել»


Վերնիսաժի գործով խուլիգանության մեղադրանքով կալանավորված 28-ամյա Վալերի Հովհաննիսյանը զրկված է բժշկական պատշաճ հետազոտության հնարավորությունից, պնդում է նրա մայրը:

«7 օր է ո՛չ մի ռենտգեն չի կատարվել իմ երեխային, ո՛չ մի բուժում չի կատարվել իմ երեխային, դեղորայքը մենք դրսից ենք ուղարկել, առաջին հիվանդանոցի բժիշկն ինչ-որ ռեցեպտ է գրել, նույնիսկ դա էլ չեն կարողանում տալ իմ երեխային», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց ասաց Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» տեղեկացրին, որ Վալերի Հովհաննիսյանը բժիշկների հսկողության տակ է, նրա վիճակը՝ բավարար է:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ 17 օրվա ընթացքում Վալերի Հովհաննիսյանը ռենտգեն հետազոտում չի անցել, քրեակատարողական հիմնարկների վարչությունից պատասխանեցին՝ հանրապետությունում ամենլավ ռենտգենի սարքերից մեկը այդ հիվանդանոցում է տեղադրված, բուժման համար արվում է հնարավոր ամեն ինչ, անգամ դրսից բժիշկներ են հրավիրել: Եթե նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք լինի, Հովհաննիսյանը կտեղափոխվի համապատասխան քաղաքացիական հիվանդանոց, սակայն, այս պահին դրա կարիքը չկա, հավաստիացրեցին քրեակատարողական հիմնարկների վարչությունից:

Մինչդեռ Լիանա Հովհաննիսյանը պնդում է՝ տղայի վիճակը, անհրաժեշտ բուժօգնության բացակայության պատճառով, շարունակում է մնալ վատ։ Ըստ նրա, որդուն առողջական վատ վիճակում այսքան ժամանակ պահում են, որպեսզի նա ստանձնի Վերնիսաժի դեպքերի պատասխանատվությունը՝ «Յուվեցի Կարո» մականունով պատգամավորի փեսա՝ Գոռ Առաքելյանի փոխարեն:

«Եթե վերքը չի մշակվում ընդհանրապես, ինչի՞ մասին է խոսքը, ո՞ւմ պատվերով են տարել իմ երեխային և ուժ են գործադրում իմ երեխայի վրա, որպեսզի Գոռի սպանությունները դառնան ինքնապաշտպանությո՞ւն, ինչի՞ մասին է խոսքը», - հարցնում է մայրը:

Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստացված 4 հրազենային վնասվածքներից մինչ օրս բուժվող, խուլիգանության մեղադրանքով կալանավորված Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս գործով ակտիվ նախաքննություն չի ընթանում, քննչական գործողությունները դանդաղում են: Վարդուհի Էլբակյանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ցուցմունք տալ՝ մեղադրանքը որակելով շինծու: Ներսես Մելքոնյանի կալանավորման միջնորդության քննարկումից առաջ փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում մեղմացնել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա, 29-ամյա Գոռ Առաքելյանի արարքը։ Հենց նա էլ կրակոցներ արձակողն էր։ Կալանավորվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցել է, որ իր պաշտպանյալը ևս մեղադրանքը չի ընդունել:

«Անհիմն մեղադրանք է առաջադրվել, չի բխում գործում առկա ապացույցներից»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Յուվեցի Կարո մականունով հայտնի պատգամավորի փեսայի մասնակցությամբ միջադեպը գնահատելով՝ Հայաստանի նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ և Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը Վերնիսաժի դեպքից մեկ շաբաթ անց հայտարարեց, որ ինքն էլ լիներ արարատցի պատգամավորի փեսայի վիճակում, ինքն էլ կկրակեր:

Կալանք՝ պաշտոնյաների հայտարարություններից հետո

Նախագահի խորհրդականի այս հայտարարությունից մի քանի օր հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ պետք է անի ոստիկանությունը, եթե նախագահի խորհրդականն առաջարկել է քննության առարկա դարձնել նաև Վերնիսաժի դեպքերին մասնակից մյուս կողմի գործողությունները, ասել էր, թե իրենք կհետևեն Ալիկ Սարգսյանի առաջարկին: Ոստիկանապետի այս հայտարարությունից 8 օր անց հայտնի դարձավ, որ կալանավորվել է Ներսես Մելքոնյանը, ավելի ուշ՝ նաև Վալերի Հովհաննիսյանը:

Գլխավոր դատախազը՝ Վերնիսաժի դեպքերի մասին

Մամուլում կան պնդումներ, որ Գոռ Առաքելյանի կրակոցներից տուժած անձանց կալանավորելու նպատակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մեղադրանքը մեղմացնելը կամ նրան արդարացնելն է: Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի քննության հետևանքի նմանությամբ: Այս թեմայով լրագրողների հարցին ի պատասխան Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց․ - «Որտեղի՞ց եք այդ ենթադրությունները անում, հետո էլ ուզում եք, որ ես ենթադրությունները մեկնաբանե՞մ»:

Ուշագրավ է, որ ինչպես Սուրիկ Խաչատրյանը, Կարո Կարապետյանը ևս բավականին ակտիվ դերակատարություն է ունեցել ընտրությունների ժամանակ: «Ազատության» տեսախցիկը նրա ներկայությունն արձանագրել էր Արտաշատի ընտրատեղամասերում: Վերջինս, լինելով «Բարգավաճ Հայաստանից», ասում էր, թե Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, թեև ցույց չէր տվել վկայականը: Ոստիկանությունում, ի պատասխան «Ազատության» հարցին, դեռ 2013 թվականի փետրվարին էին ասել՝ կպարզեն, թե ինչ կարգավիճակով էր ԲՀԿ-ական պատգամավորը խառնվում ընտրական գործընթացին և իրավական գնահատական կտան: Բայց ոստիկանությունն իրավական գնահատական չտվեց Կարո Կարապետյանի այդ գործունեությանը:

XS
SM
MD
LG