Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան․ «Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել»


Վազգեն Մանուկյան․ «Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել»
please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00

Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, 1992-93 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայ - ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով:

Մանուկյանի խոսքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան․ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետև այդ զենքի վաճառքը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:

«Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է, և կամա թե ակամա այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձևակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահի համոզմամբ՝ Ռուսաստանը պարզապես իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել, նախ՝ որովհետև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և հետո՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, որի առաքելությունն է կանխել պատերազմի վերսկսումը, մինչդեռ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը վերջինին դրդում է պատերազմի:

«Պատերազմը վերսկսելու ամենահեշտ ճանապարհը դա հարձակվողին, իսկ տվյալ դեպքում պատերազմը կարող է սկսվել մենակ մի դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի, և իրեն զենք տալը հակասում է նրա [Ռուսաստանի]՝ Մինսկի խմբի անդամ լինելուն: Նույնիսկ եթե ինքը Հայաստանին էլ զենք տար նույն քանակությամբ, միևնույնն է․․․ Այստեղ պաշտպանվելու համար է, այնտեղ՝ հարձակվելու: Ըստ որում, Ադրբեջանը զենք ստանալով՝ ավելի ինքնավստահություն է ձեռք բերում, և քանի որ քո ընկերն է նրան զենք վաճառում, ևս մի հատ ինքնավստահություն է ձեռք բերում: Այսինքն՝ փաստորեն դրդվում է պատերազմ սկսելու: Ի սկզբանե էլ դա մտահոգիչ էր: Սերժ Սարգսյանը Արգենտինայում արտահայտվեց, բայց դա չի նշանակում, որ նախապես ինքը մտահոգված չէր», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահն ընդգծում է, որ եթե Ռուսաստանը Հայաստանից հնչող մտահոգություններից հետո էլ շարունակի զենքի վաճառքի նոր համաձայնագրեր կնքել Ադրբեջանի հետ, ապա դա միայն մեկ բան կնշանակի․ - «Դա նշանակում է, որ իսկապես քո կարծիքը նրա դաշնակցության մասին կեղծ է, որովհետև դա ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ»:

Ի պատասխան «Ազատության» դիտարկման, թե ի՞նչ հարց է լուծում Ռուսաստանը՝ պատերազմի ձգտող Ադրբեջանին զենք վաճառելով, արդյոք այդ կերպ ճնշում չի՞ գործադրում Հայաստանի վրա, Վազգեն Մանուկյանն ասաց․ - «Միգուցե, բայց դա այն ճնշումը չէ, որը կարող է դիմացինի մոտ հարգանք առաջացնել: Դա անկյուն սեղմելու նման մի բան է»:

Մանուկյանը նաև ուշադրություն հրավիրեց Ռուսաստանի կողմից «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգի վաճառքի վրա․ - ««Սմերչ»-ը այն զենքն է, որով որ հազարավոր հայեր կարելի է սպանել, տալիս ես հակառակորդին որ ի՞նչ: Չեմ կարծում, որ պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին: Միգուցե այս տարածաշրջանում երկարատև լարված իրավիճակը իր պետական շահերին ձեռք է տալիս, բայց պատերազմը ինչո՞վ պետք է ձեռք տա իրեն: Ցանկացած հաղթանակը իր համար պարտություն է»:

Անդրադառնալով հայկական բնակավայրեր ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցմանը՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ այդ դեպքից հետո Պաշտպանության նախարարությունը պետք է հետևություններ անի՝ պետք է պաշտպանության գծերը ամրացնի, թեև օբյեկտիվ բարդություններ կան, երբ սահմանը միայն մարդկանցով ես պաշտպանում: Այդ իսկ պատճառով սահմանների պաշտպանության համար պետք է օգտագործել նոր տեխնոլոգիաներ:

Բացի այդ՝ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ անհրաժեշտ է նաև զենքով ապահովել սահմանամերձ շրջանների բնակչությանը, քանի որ նրանք նույնպես, ինչպես զինվորները, առաջին գծում են և պաշտպանում են հայրենիքը:

«Ու մենք դա օգտագործել ենք, երբ ես պաշտպանության նախարար էի, մի անգամ ճեղքեց թշնամին, մտան Կապանի շրջան, երեք կիլոմետր խորացել էին, ես միանգամից կապվեցի քաղաքապետի հետ, ասացի՝ «ռադիոյով հայտարարեք, ժողովրդին զինեք», որովհետև միայն բանակով չես կարողանա պաշտպանել, ժողովուրդն էլ պետք է մասնակից լինի», - ասաց Մանուկյանը:

Անդրադառնալով Մաքսային, ապա Եվրասիական միությանը անդամակցելու ոդիսականին՝ Հանրային խորհրդի նախագահն ասաց, որ իր կարծիքով՝ Հայաստանը ի սկզբանե չպետք է դիմեր ոչ Եվրամիության ասոցացման անդամ դառնալու համար և ոչ էլ դրանից հետո բարձրացներ Մաքսային միության անդամ դառնալու հարցը: Եթե Հայաստանը չփորձեր անդամակցել այդ կառույցներից և ոչ մեկին, ապա և՛ Եվրամիությունում, և՛ Ռուսաստանում ավելի հարգալից կվերաբերվեին Հայաստանի դիրքորոշմանը: Բայց արդեն ստեղծված իրավիճակում, Մանուկյանի համոզմամբ, Հայաստանը այլընտրանք չուներ:

«Այդ խնդիրը դարձրեցին նույնիսկ տղայական աստիճանի հասնող հակասություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ըստ որում՝ ինչքան Ռուսաստանն է այդտեղ մեղավոր, նույնչափ էլ՝ Արևմուտքը: Իրենք երկուսն էլ դա դարձրեցին ինչ-որ իրենց արժանապատվության հարց, և էդ պայմաններում Հայաստանը արդեն չէր կարող դիմադրել, ինչ պետք է աներ», - ասում է Մանուկյանն ու հավելում․ - «Եթե սկզբից ասոցացված անդամության հարցը մերժած լիներ, կկարողանար արանքում գտնվեր, իսկ այսպես ինքը պարտադրված էր, որովհետև ավելի մեծ հարված կստանար, հենց թեկուզև Ռուսաստանից: Տեսնում եք, չէ՞, մյուս երկրների հետ ինչ է անում, ինքը կարող էր քո հետ թշնամանար ու իր շուկան փակեր, էդ դեպքում դու լրիվ զրո էիր դառնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG