Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետների կարծիքով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն նաև Հայաստանի վրա


Ստեփան Սաֆարյան

Ստեփան Սաֆարյան

Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանը պետք է փորձի հաշվարկել իր վնասներն ու հասկանալ, թե ինչպես պետք է խուսափի այդ ռիսկերից։

Հայաստանի իշխանությունները հետևություններ պետք է անեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին փորձագետներ Ստեփան Սաֆարյանը և Հովհաննես Իգիթյանը:

Հայաստանը պետք է փորձի հաշվարկել իր վնասներն ու հասկանալ, թե ինչպես պետք է խուսափի այդ ռիսկերից, մինչ այժմ, սակայն, Հայաստանը չի շտապում նման գործողություններ կատարել, ընդգծեցին նրանք:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները գնալով խստացվում են։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Ուկրաինայի տարածքում «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի վթարից հետո առավել հստակ դարձավ Ուկրաինայի հարցով Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության սահմանը։

«Սա ուղղակի նաև լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս Ուկրաինայի հարցով Արևմուտք - Ռուսաստան դիմակայության սրության աստիճանը: Եվ ակնհայտորեն այն արդեն հատել է չափազանց վտանգավոր մի սահմանագիծ: Այս կտրվածքով, անշուշտ, պատժամիջոցները կենսական անհրաժեշտություն են դառնում Արևմուտքի համար՝ Ռուսաստանին որոշակի շրջանակներ պարտադրելու առումով», - ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունն անխուսափելի է Հայաստանի համար, քանի որ ռուսական հայտնի կազմակերպությունները, որոնք ներառվել են պատժամիջոցների ցանկում, անմիջականորեն ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա, օրինակ՝ «Գազպրոմ»-ը։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Հայաստանը այս պատժամիջոցներից հետո ավելի կաղքատանա:

«Միանշանակ այո, որովհետև վերջին հաշվով ռուսական ձեռնարկությունների համար Հայաստանը ծայրամաս է, ավելի խոր ծայրամաս, քան իրենց որևէ գավառ, և եթե նրանք իրենց բիզնեսը օպտիմալացնելու, վերանայելու, կրճատելու խնդիր ունենան, բնականաբար, դա անելու են շատ ավելի քիչ առաջնահերթություն համարվող տարածաշրջանում և վայրերում, իսկ Հայաստանը այդպիսին է», - ընդգծեց վերլուծաբանը:

Հովհաննես Իգիթյան

Հովհաննես Իգիթյան

Բրյուսելում գործող Եվրոպական գործարար ընկերակցության փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ տնտեսական ազդեցությունից զատ՝ այս պատժամիջոցները նաև քաղաքական ազդեցություն կունենան Հայաստանի վրա, «քանի որ Հայաստանը ամեն տեղ շեշտում է իր ռուսամետ լինելը, իր՝ Ռուսաստանի հետ ցանկացած քվեարկության մասնակցելը և ընդհանրապես Ռուսաստանին կից երկիր լինելն ու, ցավոք, Հայաստանը չի կարողանում գոնե այս իրավիճակում, այս պայմաններում տարանջատվել Ռուսաստանի այդ ագրեսիվ քաղաքականությունից, որտեղ Հայաստանը ոչ ազդելու հնարավորություն ունի, ոչ դեր ունի և չի կարող փորձել ցույց տալ իր ինքնուրունությունը կամ թեկուզ իր կարծիքը հասցնել աշխարհին»:

​Ռուսամետ արտաքին քաղաքականություն վարող Հայաստանը պասիվ է նաև քաղաքական իմաստով, հավելեց Իգիթյանը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության՝ ռազմավարական դաշնակցի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հնարավոր ազդեցությունից խուսափելու գործողություններին, Սաֆարյանը նկատեց, որ Հայաստանը ինքնաբավ չէ ու այդ ուղղությամբ ոչինչ չի անում։

«Այս կառավարությունը, այս վարչապետը բացարձակապես այդ մասշտաբը չունեն, այդ գիտելիքը չունեն, այդ կարողությունն ու քաղաքական կամքը չունեն՝ ինքնաբավ պետություն ստեղծելու: Դա թերևս մի բանի վկայություն է, որ Հայաստանում պետական, քաղաքական և այլ ինստիտուտները ուղղակի լրջագույնս կոռոզիայի են ենթարկվել և չեն գործում», - ասաց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG