Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ոչ ոք չպետք է օգտագործի ողբերգությունը իր նեղ նպատակների համար»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես գալիս, 20-ը հուլիսի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես գալիս, 20-ը հուլիսի, 2014թ․

«Նման իրադարձությունները պետք է ոչ թե տարանջատեն, այլ միավորեն մարդկանց», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը Boeing-ի կործանման կապակցությամբ:

Ոչ ոք չպետք է օգտագործի Ուկրաինայում Boeing օդանավի կործանումը իր նեղ շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դոնեցկի երկնքում տեղի ունեցած սարսափելի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ ասել այն մասին, թե ինչպես ենք մենք Ռուսաստանում վերաբերվում այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք քանիցս կոչ ենք արել բոլոր հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Ռուսաստանի նախագահը, որի հայտարարությունը հեռարձակել է Россия 24 հեռուստաալիքը:

«Վստահաբար կարելի է ասել, որ եթե հունիսի 28-ին մարտական գործողությունները Ուկրաինայի արևելքում չվերսկսվեին, ապա այդ ողբերգությունը ևս, ամենայն հավանականությամբ, տեղի չէր ունենա: Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չպետք է և իրավունք չունի օգտագործել այդ աղբերգությունը իր նեղ շահադիտական քաղաքական նպատակներին հասնելու համար: Նման իրադարձությունները պետք է ոչ թե տարանջատեն, այլ միավորեն մարդկանց», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում իրավիճակի համար պատասխանատու անձինք բարձրացնեն իրենց պատասխանատվությունը իրենց ժողովրդի և այն երկրների ժողովուրդների առջև, որոնց քաղաքացիները օդանավի հետ տեղի ունեցած ողբերգության զոհ են դարձել:

«Իր կողմից Ռուսաստանը կանեի ամեն ինչ, ինչ մեզնից կախված է, որպեսզի հակամարտությունը Ուկրաինայի արևելքում անցնի այսօրվա ռազմական փուլից խաղաղ և բացառապես դիվանագիտական միջոցներով բանակցությունների սեղանի շուրջ քննարկման փուլ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում Boeing օդանավի կործանման քննությունը պետք է անցնի ICAO-ի հովանու ներքո, անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ ապահովելու համար միջազգային փորձագետների անվտանգությունը աղետի վայրում:

Արևմտյան պետությունների ղեկավարները, հիշեցնենք, քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր` է՛լ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե Պուտինի վարչակարգը չձեռնարկի հստակ քայլեր Ուկրաինայում վիճակը կայունացնելու, Boeing-ի աղետի հանգամանքների բացահայտմանը նպաստելու, անջատականներին ցուցաբերվող օգնությունն անմիջապես դադարեցնելու և ընդհանրապես նրանցից սահմանազատվելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG