Մատչելիության հղումներ

logo-print

«Արբանյակային լուսանկարներում կա հրթիռի արձակման ճշգրիտ վայրը»


Ուկրաինա - Տեղացի կինը «Մալազիական ավիաուղիներ»-ի կործանված օդանավի բեկորների մոտ, Գրաբովո գյուղ, 19-ը հուլիսի, 2014թ.

Ուկրաինա - Տեղացի կինը «Մալազիական ավիաուղիներ»-ի կործանված օդանավի բեկորների մոտ, Գրաբովո գյուղ, 19-ը հուլիսի, 2014թ.

Վաղը Եվրոպան կարող է խստացնել պատժամիջոցները։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ հայտարարել է, որ իշխանություններն ունեն արբանյակային լուսանկարներ, որոնք պատկերում են «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ը ոչնչացրած հրթիռի արձակման ճշգրիտ տեղը։ Այդ մասին Պորոշենկոն ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։

Ուկրաինայի ղեկավարը զրույցում նորից մեղադրել է ռուս անջատականներին, ասելով, որ նրանք խոչընդոտում են աղետի հանգամանքները պարզելու նպատակով ժամանած միջազգային փորձագետներ աշխատանքը։

Հիշեցնենք՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայն ասել է, որ իրենք հայտնաբերել են «Բոինգ»-ի «սև արկղերը» և դրանք փոխադրել են Դոնեցկ։ Արևմուտքի և Ուկրաինայի մեկնաբանների համոզմամբ՝ ռուս անջատականներն ամեն կերպ փորձում են թաքցնել որևէ իր կամ սարքավորում, որը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա, և հենց այդ նպատակով են օրեր շարունակ իրարամերժ տեղեկություններ հրապարակել «սև արկղերի» մասին։

«Դա նրանց չի փրկի, որովհետև մենք ունենք արբանյակից արված լուսանկարներ, որոնք հստակ արձանագրել են հրթիռի արձակման ճիշտ տեղը, ունենք այդ հրթիռային կայանքի լուսանկարները և տեսագրությունները, Ռուսաստանից այդ զինատեսակները Ուկրաինայի արևելք փոխադրելը հաստատող փաստեր, ահաբեկիչների հեռախոսային հաղորդակցության ձայնագրությունները և անհերքելի այլ ապացույցներ», - ասել է Պետրո Պորոշենկոն։

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր` է՛լ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

Դա կարվի այն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինի վարչակարգը չձեռնարկի հստակ քայլեր Ուկրաինայում վիճակը կայունացնելու, «Բոինգ»-ի աղետի հանգամանքների բացահայտմանը նպաստելու, անջատականներին ցուցաբերվող օգնությունն անմիջապես դադարեցնելու և ընդհանրապես նրանցից սահմանազատվելու ուղղությամբ։

Եվրոպական միությունը մտադիր է արդեն վաղն այդ խնդիրը քննարկել անդամ երկրների արտգործնախարարների ժողովում։

Եվրոպացիներից առավել կոշտ է տրամադրված Մեծ Բրիտանիան։ Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեկ The Sunday Times-ում հրապարակել է հոդված, որում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ երկրի իշխանություններին պատասխանատվության կանչի այն դեպքում, եթե ապացուցվի, որ «Բոինգ»-ը ռուս անջատականներն են խփել։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Մայքլ Ֆելոնը Daily Mail-ին ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի գործերին։

«Եթե Ռուսաստանն է մեղավոր այդ աղետի համար, ապա մենք հստակ նկատել կտանք, որ պատերազմը հովանավորելու նման մեթոդներն անընդունելի են։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, ահաբեկչության հովանավորում է», - ասել է Ֆելոնը։

XS
SM
MD
LG