Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ առաքելությունը այսօր միայն երկրորդ փորձից հետո է կարողացել մոտենալ «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման վայրին, սակայն դեռ հայտնի չէ, արդյոք փորձագետները կկարողնան աղետի վայրին մոտենալ և լիարժեքորեն ուսումնասիրել ինքնաթիռի բեկորները:

Այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալները այսօր ավելի վաղ նրանց թույլ չեն տվել մոտենալ ինքնաթիռի կործանման վայրին: Ինչպես լրագրողներին պատմել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը, զինված անջատողականները, որոնց մի մասը հարբած են եղել, փակել են իրենց մեքենաների ճանապարհը և սկսել են օդ կրակել:

Երակարատև բանակցություններից հետո խմբի կեսին թույլատրվել է մոտ մեկ ժամով միայն ուսումնասիրել տեղանքը: ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները փորձում են գտնել ինքնաթիռի «սև արկղերը», որոնց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Դոնեցկի զինյալ անջատողականներ, որ սկզբում հայտարարում էին, որ «սև արկղերն» իրենց մոտ են, հետագայում իրենք իրենց «ուղղել են», թե իրենց գտածը պարզապես նման է եղել «սև արկղերին»:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամլո խոսնակ Անդրեյ Լիսենկոն, մինչդեռ, ասում է, որ իրենց տվալներով ինքնաթիռի ինքնագիր սարքերը զինյալների մոտ են: Այսօր նա Կիևում ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Ուկրաինայի իշխանություններին դեռևս չի հաջողվել դրանք ստանալ:

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են նաև, որ Ռուսաստանի աջակցությամբ անջատողականներն այժմ մալազիական ինթնաթիռի կործանման վայրում զբաղված են միջազգային հանցագործության ապացույցները վերացնելով:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն նաև հայտարարել է, որ անջատողականները ապօրինի կերպով տեղափոխում են զոհերի մարմինները, տարածքում ծանր տեխնիկա է աշխատում, որով դուրս են բերում ինքնաթիռի խոշոր բեկորները, որոնք կարող են իրենց վրա կրել արձակված հրթիռի հետքերը:

«Այսպիսով նրանք վերացնում են իրենց ոճրագործության ապացույցները», - հայտարել է Գերաշենկոն` հավելեով, որ իրենց տվյալներով անջատողականները հավաքում են նաև զոհերի բանկային քարտերը և փորձում են գումար կանխիկացնել, ուստի իրենք հորդորում են զոհերի հարազատներին` արգելափակել իրենց բարեկամների բանկային քարտերը:

Այսօր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ և Ուկրաինայի ցավակցությունները փոխանցել Հոլանդիայի ժողովրդին: Մալազիական կործանված ինքնաթիռի 298 ուղեւորներից 198-ը Նիդերլանդների քաղաքացի էին:

Ռուսաստանի արտգործնապարարությունը այսօր հայտարարել է, որ մինչև մալազիական Բոինգ 777 -ի կործանման պատճառների վերաբերյալ հետաքննության սկիզբը մի շարք երկրներ արդեն իսկ ներկայացնելով աղետի պատճառների իրենց վարկածները` ճնշում են գործադրում հետաքննության ընթացքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG