Մատչելիության հղումներ

Խորհրդարանի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջիկայում շրջանառության մեջ դնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:

Մարուքյանի խոսքով` այսօր առանց ծանուցման և դատարանի որոշման քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք դնելը հակասահմանադրական է:

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում, հիշեցնենք, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում Դատական ակտերի հարկատիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պահանջով հազարավոր քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք է դրվում:

«Ես առաջարկում են նախկին իրավակարգավորումը վերականգնել, որը նշանակում է, որ առանց դատարանների, արտադատարանական կարգով որևէ կերպ չի կարող արգելանք դրվել անձի սեփականության վրա, դա կլինի բանկային հաշիվներ, գույք, կամ ընդհարապես բռնագանձումներ տարածել: Անբողոքարկելի վարչական ակտի ինստիտուտը, ըստ էության, այդ պարագայում չի լինի: Անբողոքարկելի կարող է լինել միայն դատարանի` ուժի մեջ մտած վճիռը», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Մարուքյանն ասաց, որ օրինագիծն արդեն պատրաստ է. - «Ուղղակի հիմա տարբեր նախաձեռնություններ են ի հայտ եկել հենց այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Ես հիմա բանակցությունների մեջ եմ իմ գործընկերների հետ»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը. այդ հարցն ընդգրված են Կառավարության անցած շաբաթվա նիստում:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հիշեցրեց, որ շրջանառության մեջ են գտնվում նաև իրենց նախարարության մշակած մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծեր: Հաշվի առնելով, որ քաղաքացիների բանկային հաշիվները վրա կալանք դնելու հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, վերջին նիստում գործադիրն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՍԴ-ի որոշումից հետո:

ՍԴ-ն հարցը պատրաստվում է քննել նոյեմբերին:

Հիշեցնենք, որ նաև իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներն են հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ` փոփոխություններ առաջարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտապանի վարկային միջոցների վրա արգելանք դնի միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ այդ գործընթացը հակասահմանադրական է: Նա առաջարկում է մինչև հարցի լուծումը հետաձգել քաղաքացիների հաշվիների վրա կալանք դնելը, առնվազն`ամռան ամիսներին. - «Կառավարության որոշումով կլինի, թե ոնց կլինի, թե Կենտրոնական բանկի կամ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ-ի ինչ-որ բանով` հետաձգել միգուցե: Չեմ կարծում, որ այդ հինգ հազարի համար պիտի հայ ազգը փախնի Հայաստանից: Ինչ-որ ձևով սառեցնեն այդ պրոցեսը… Եթե մարդը խախտում է արել, պիտի վճարի: Բայց չի կարելի 5-10 հազարի համար դնել մարդու ամբողջ ունեցվածքը սառեցնել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG