Մատչելիության հղումներ

Վրաստանից արտերկիր մեկնելը շատերի համար նախընտրելի է


Թեև այս տարի ավիատոմսերի գները Հայաստանում նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն իջել են, շատերի համար նախընտրելի է մնում Վրաստանից երտերկիր թռչելը:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններն ու տուրիստական գործակալությունները տոմսերի էժանացումը բացատրում են Հայաստանից մեկնող ինքնաթիռների կիսադատարկ լինելու հանգամանքով:

Տուրիզմի գործակալ Հերմինե Ալավերդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չնայած իջած գներին, ավիատոմսերը Վրաստանում շարունակում են ավելի էժան մնալ, քան Հայաստանում:

«Վրացի մեր գործընկերները ասում են, որ թռիչքների 60-70 տոկոսը Հայաստանից են տուրիստները` զուտ էժանության պատճառով: Ընտանիքները` 2-3 հոգուց ավելի, նախընտրում են գնալ Վրաստան, որտեղ արդեն 200-300 հազար դրամի տարբերություն է լինում», - ասաց Ալավերդյանը` հավելելով, որ Հայաստանում իջել են անգամ ավանդաբար թանկ համարվող ուղղություններով ավիատոմսերը. - «Եթե, օրինակ, անցյալ տարի տոմսերը եղել են 250 եվրոյին համարժեք դրամ, այս պահին գները իջեցված են մինչև 200 եվրոյին համարժեք դրամ: Դա նշանակում է, որ ռեյսերը չեն լցվում»:

Ասվածը հաստատեց նաև մեկ այլ տուրիստական գործակալության մենեջեր Էլինա Մանուչարյանը. - «Անգամ եթե փոքր երեխաներ են իրենց հետ ունենում, որ անհարման է 300 կիլոմետր անցնել, հասնել այնտեղ, գումարային առումից ելնելով գերադասում են հասնել այնտեղ»:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, սակայն, արժանահավատ չի համարում տուրիստական գործակալների ներկայացրած տվյալները. - «Այնպես չի, որ այդքան անբարենպաստ վիճակում ենք մրցակցային: Եթե այդպես լիներ, թռիչքների քանակը այդքան չէր ավելանա: Եթե ունենք այդպիսի ցուցանիշներ, որ 50 տոկոսով չվերթների քանակն ավելանա, և դրա հետ մեկտեղ նաև 45 տոկոսով ուղևորափոխադրումներն է ավելացել, դա չի նշանակում, որ կիսադատարկ են թռչում»:

Ապրեսյանի խոսքով` անցած տարվանից իրականացվող բաց երկնքի քաղաքականությունը չի սահմանափակում չվերթների քանակն ու ուղղությունները. - «Ունենք նոր հայաստանյան շուկա մուտք գործած ավիաընկերությունները, նաև արդեն գործող ավիաընկերությունների չվերթների ավելացում»:

Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, մինչդեռ, Հայաստանի դեպքում արդյունավետ չի համար բաց երկնքի քաղաքականությունը: Նա թվարկեց բարձր գների ձևավորման պատճառները` ավիավառելիքի մենաշնորհ, թանկ բորտ-սնունդ, օդանավակայանի թանկ սպասարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG