Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵՏՄ-ին անդամակցելու նոր ժամկետ է հրապարակում


Դմիտրի Մեդվեդևին մեկ շաբաթ առաջ հանդիպած Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ զրույցում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նոր ժամկետներ հրապարակեց՝ «2015 թվականից ուժի մեջ է մտնելու»:

Ի դեպ՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրություններում՝ թե՛ հայկական կողմի, թե՛ ռուսական, ակնարկ անգամ չկար, թե Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր են քննարկվել:

Միությանը Հայաստանի անդամակցության պարագայում պետք է ստորագրվի պայմանագիր: Այն դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, բայց լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը շտապել էր:

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ասաց․ - «Վարչապետը, որպես Ազգային ժողովի նախկին նախագահ, որպես վարչապետ, հրաշալի գիտի, որ ինչ նախաձեռնություն որ բերվեց խորհրդարան, խորհրդարանական մեծամասնությունը հլու, մեկ մարդու նման քվեարկելու է կողմ, և այդ իսկ պատճառով արել է նման հայտարարություն»:

«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը համոզված է՝ այս միությունում մենք անելիք չունենք, չնայած խիստ կասկածում է, որ 2015-ի հունվարի 1-ից ընդհանրապես կգործի Եվրասիական միության վերափոխված Մաքսային միությունը:

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող միավորվել մի միության հետ, որի տնտեսությունները աշխարհում հետամնաց տնտեսություններ են: Մենք այստեղ որևէ շահ չունենք, մենք չունենք սահման այս ապագա այսպես կոչված՝ Միության հետ: Մեր տնտեսական շահը այսօր համատեղելի է եվրոպական ինտեգրման հետ, իսկ տվյալ պարագայում հասկանում ենք, որ մեր ազգային շահից չի բխում, որովհետև կա նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարց», - նշեց նա:

Մեր շահերը չեն տուժելու՝ վստահեցրեց ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Ազատության» հարցին՝ այն դեպքում, երբ Արևմուտքը և Ռուսաստանը բավական լարված հարաբերությունների մեջ են, մեր տնտեսական շահը կա՞ այստեղ, Սահակյանը պատասխանեց․ - «Ենթադրենք մենք մեկ այլ միության մեջ ենք, և ընթացքում նույն հարաբերությունները բարդանում են կամ վատանում են: Ի՞նչ պետք է անենք մենք: Մենք ունենք մեր քաղաքականությունը, մեր հաշվարկները, մեր շահերը, մեր պատկերացումները, մեր քայլերի հաջորդականությունը, դրանով էլ քայլում ենք առաջ: Ռուսաստան – Ամերիկա, Ռուսաստան – Եվրոպա՝ մի օր կլարվի, կամ մի օր էլ ավելի բարիդրացիական հարաբերությունների մեջ կլինեն՝ սա ընդամենը մենք պետք է հետևենք և կարողանանք ճիշտ ժամանակին ճիշտ արձագանք տալ»:

Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցում անդրադարձավ ռուսական քարոզչությանը:

Հիշեցնենք՝ ինչ Հայաստանը ցանկություն է հայտնել Մաքսային միություն, այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միություն գնալու, խորհրդատվական բազմաթիվ հայտարարություններ են հնչել․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն առաջարկեց չեզոքացնել ռուս-հայկական հարաբերություններում սեփ խրող հասարակական կազմակերպություններին, Կրեմլի ամենամոլի պրոպագանդիստներից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը, բողոքեց Հայաստանում ռուսերենի անբավարար միացությունից, մի քանի օր առաջ Երևան – Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ռուսաստանցի բանախոսներից մեկը մեր պատգամավորներին հարցրեց՝ արդյոք ժամանակը չէ՞ Հայաստանի ազգային ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել Եվրասիական տնտեսական միության ինտեգրման հարցերի հանձնաժողովի: Վերջերս էլ Ուկրաինայի եվրաինտեգրման հակառակորդ մեկնաբաններից մեկը «ՌԻԱ Նովոստիում» կարծիք էր հայտնել, թե Եվրասիական ինտեգրացիայի հետ մեկտեղ առաջ է գալիս հայի ինքնության նոր հենքի փնտրտուքի անհրաժեշտությունը: Հեղինակի կարծիքով իշխող կուսակցության որդեգրած քաղաքականությունը՝ Նժդեհի ազգայնականությունը, համագործակցությունը չի խթանի, նորն է պետք գտնել, նաև՝ երկրորդ պետական լեզու դարձնել ռուսերենը:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ կրկնվող խորհուրդների պատճառը մեկն է՝ համարժեք պատասխան չի տրվում:

«Եթե որևէ հեռուստակամուրջի ժամանակ նման հայտարարություն է հնչում, և Հայաստանի Հանրապետության կողմը ներկայացնողները իրենց չեն պահում սուվերեն, ինքնիշխան պետության քաղաքացիների նման և թույլ են տալիս, որ նման հայտարարություններ հնչեն, եթե Հայաստանի խորհրդարանում կարող են գալ և մեզ սովորեցնել, և համարժեք պատասխան չի հնչում, ապա բնականաբար ցանկացած կողմ իրեն իրավունք է վերապահում տիրոջ նման պահել, եթե իրեն թույլ են տալիս այլ՝ ինքնիշխան երկրում իրեն զգալ տեր», - մեկնաբանեց նա:

Ի դեպ՝ Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովն այսօր Հայաստանում Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկեց համագործակցության հեռանկարներ:

«Փորձելու ենք նաև միասնաբար ձևավորել և հենց գործադիրին առաջարկել այն նոր քաղաքական օրակարգը, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների հետագա ընթացքի համար», - պարզաբանեց նա:

«Ազատության» հարցին՝ խոսքը նոր փաստաթղթի մասի՞ն է, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ - «Իհարկե, ես չեմ կառավարության լիազորություններ վերցնել ինձ վրա և նման հայտարարություն անել, բայց նաև հղում անելով այսօր Եվրամիության դեսպանի տված հարցազրույցին և նաև մեր կառավարության տարբեր ներկայացուցիչների խիստ պաշտոնական հայտարարություններին, բնականաբար հասկանալի է, որ հարաբերությունները պետք է շարունակվեն հիմք ունենալով որևէ իրավական փաստաթուղթ: Թե ի՞նչ անուն այն կկրի՝ սա կարծում եմ, երկրորդական է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG