Մատչելիության հղումներ

Երևանում կարող է հասարակական տրանսպորտով երթևեկելու մի քանի սակագին սահմանվել


Առաջիկա ամիսներին Երևանում կարող է վերանալ տրանսպորտային 100 դրամ միասնական սակագինը։

Մայրաքաղաքային իշխանությունները քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը, օրինակ՝ կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, իսկ բաժանումները, ըստ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, կկատարվեն ըստ ծառայությունների որակի։

«Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետն ասաց, որ այս ուղղությամբ այժմ աշխատանքներ են տանում միջազգային խորհրդատուները։ Տրանսպորտային համակարգի հատուկ մոդել կմշակվի, ըստ որի ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային կլինի։

Հիշեցնենք՝ մոտ մեկ տարի առաջ քաղաքային իշխանությունները փորձեցին բարձրացնել տրանսպորտի սակագինը՝ այն հասցնելով 150 դրամի, սակայն թանկացումների դեմ բարձրացված բողոքի ալիքի արդյունքում այդ սակագինը չեղյալ հայտարարվեց և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը պետք է քննարկեր և Երևանում տրանսպորտի նոր սակագին սահմաներ։ Հանձնաժողովի վերջին նիստը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, որի ժամանակ ուղևորափոխադրումների համար նախընտրելի սակագին հայտարարվեց 200 դրամը։ Դրանից հետո հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ժամանակ տվեց, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գին սահմանելու առաջարկներ պետք է ներկայացնեին։

Մեզ հետ զրույցում Նիկոյանն այսօր ասաց, որ մի քանի առաջարկներ եղել են, օրինակ՝ ստեղծվել է հատուկ խումբ, որի հաշվարկների արդյունքում իջեցվել է տրանսպորտային ծառայության բաղադրիչների գինը, հետևաբար 200 դրամը կարող է նվազել։

Փոխքաղաքապետն ասաց, որ քննարկումներ են արել նաև քաղաքապետարանում և որոշել, որ տարբեր սակագներ սահմանելը թերևս ամենալավ լուծումն է՝ դրանով նաև կլուծվի սոցիալապես անապահով խավերի հարցը՝ նրանք կօգտվեն էժան տրանսպորտից։

«Հիմա 100 ունեցողը՝ 100 ծառայությունից կօգտվի (պայմանական եմ ասում), մի ուրիշը՝ տվյալ ծառայությունից կօգտվի», - պարզաբանեց նա:

Տրանսպորտային հանձնաժողովի անդամ, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման առաջարկի մասին լսում, նրա կարծիքով ճիշտ կլիներ, որ քաղաքապետարանը նախապես տեղյակ պահեր հանձնաժողովի անդամներին այսպիսի առաջարկների մասին:

«Փաստաթուղթը վերլուծողները պետք է վերլուծեն, հանրայնացնեն, որ մարդիկ վերջին րոպեին քվեարկելուց հասկանան՝ ինչի՞ն են ասում այո», - ասում է նա:

Պիպոյանը այս մոդելի մեջ նաև վտանգներ է տեսնում․ առաջարկված տարբերակի համաձայն բարձր գնով ծառայություններ մատուցող տրանսպորտի ծավալը կկազմի եղածի մոտ 70 տոկոսը, դրանից կտուժեն ցածր գնով երթևեկող քաղաքացիները, քանի որ 100 դրամով սպասարկող տրանսպորտի քանակը շեշտակիորեն կնվազի։ Այստեղ նաև հարց է՝ որքան ժամանակ կպահպանվի սահմանված որակը։

Քաղաքապետարանի այս առաջարկի հետ համաձայն չեն նաև «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները։ Սուրեն Սահակյանը «Ազատության» հետ զրույցում Սահակյանն ասաց, որ իրենք հասարակության մեջ բաժանումներին դեմ են, իսկ գինը չբարձրացնելու համար ևս մեկ անգամ առաջարկում են բոլոր ուղևորափոխադրող կազմակերպություններին միավորել մեկ բաժնետիրական ընկերության մեջ։

Երևանի քաղաքապետարանի տարբեր սակագներ սահմանելու առաջարկը կքննարկվի տրանսպորտային հանձնաժողովի առաջիկա նիստում։

XS
SM
MD
LG