Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սեյրան Օհանյանը նախապես գիտեր ինչ վճիռ կհրապարակվի ազատամարտիկի գործով


Ավետիսյանի փաստաբանն ու աջակիցները համաձայն չեն դատարանի վճռին
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

Փաստաբանի խոսքով՝ Սեյրան Օհանյանն օրեր առաջ Վոլոդյայի Ավետիսյանի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություն էր արել։

Խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարում է, որ պաշտպանության նախարարը նախապես գիտեր, թե ինչ վճիռ է կայացնելու դատարանը։

Վճռի հրապարակումից ժամեր առաջ նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում Զաքարյանի որակմամբ՝ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություն էր արել։

«Նաև ինքն այլ խախտում է կատարել, որի համար ինքն այսօր պատասխան է տալիս։ Քրեական գործն ընթանում է, և այսօր հասել է դատարան, և բոլոր ապացույցները կան, իհարկե բերում է այդ համոզմունքին, որ ինքը խախտում կատարել է»,- հայտարարել էր պաշտպանության նախարարը։

Օհանյանը ևս մեկ անգամ շեշտել էր, թե անցած տարի բողոքի ակցիաներ նախաձեռնած ազատամարտիկի հետ պայմանավորվել էին հանդիպել՝ ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար, Բայց Ավետիսյանը շարունակել էր բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպել։ Նախարարը, սակայն, հատուկ ընդգծել է, որ այդ պայմանավորվածության խախտման համար չեն կալանավորել ազատամարտիկին։

Ավետիսյանը դատարանում երկու անգամ հայտարարեց, որ պաշտպանության նախարարության քննիչն իրեն գործարք է առաջարկել՝ ազատ արձակել բողոքի ակցիաները դադարեցնելու պայմանով:

Պաշտպան Զաքարյանն ասում է, որ եթե դատարանն օբյեկտիվ դատաքննություն անցկացներ, ապա պետք է հարցաքններ քննիչին, սակայն դատավոր Լևոն Ավետիսյանը հաշվի չառավ ո՛չ այս, ո՛չ էլ մի շարք այլ հանգամանքներ։

«Այս ամբողջն ուղղակի թատրոն է, ձևականություն՝ նախապես որոշված սցենար։ Ցավոք սրտի, այս դատական ակտը ցույց տվեց, որ մեր դատավորի անկախության սահմանն ընդամենը կես տարի է, այսինքն դատախազի ուզածից դատավորը ընդամենը կարող էր կես տարի քիչ տալ, ոչ ավելի։ Սա է մեր դատական համակարգը»,-ասաց Զաքարյանը։

Անցած ամիսներին թե՛ Ավետիսյանը, թե՛ նրա պաշտպանն ու համախոհները բազմիցս են հայտարարել, որ Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է և իշխանությունները ազատամարտիկին պատժեցին իր ակտիվության համար։

Զաքարյանը վկայակոչում է անցած տարի անցկացվող բողոքի ակցիաներին զուգահեռ Ազգային անվտանգության ծառայության կողմից իր պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, հանդիպումների տեսագրությունները։ Դատարանում պարզ դարձավ, որ ԱԱԾ ուշադրության կենտրոնում Ավետիսյանը հայտնվել է հենց այդ ակցիաների ժամանակ։

«Ինչի՞ համար է հենց այդ մարմինը սկսել Վոլոդյա Ավետիսյանով հետաքրքրվել. այն, որ նա սկսեց ակտիվանալ, այն, որ նա սկսեց իշխանությանը մերժել, իշխանության առաջարկությունները չընդունել, աշխատանք ստանալու, բիզնես ստրամադրելու և այլ գայթակղիչ առաջարկությունները չընդունեց և որոշեց իր սկզբունքներին չդավաճանի ու շարունակի պայքարը մինչև վերջ։ Արդյո՞ք դա չէ իրական պատճառը, որ Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց հետաքրքրվել Վոլոդյա Ավետիսյանով»,-փոխանցեց Զաքարյանը։։

Թե՛ փաստաբանը, թե՛ ազատամարտիկները ցնցված են դատավորի կայացրած վճռից։ Ասում են՝ այն անօրինական է ու արդարադատության հետ որևէ աղերս չունի։

«Ճիշտն ասած, սրտի փոքր անկյունում մի փոքր ինչ- որ հույս կար, բայց, քանի որ անարդարությունը տիրում է ողջ երկրում, ո՛չ մի տեղ, ո՛չ մի դատական համակարգ ի շահ ժողովրդին չի գորոծում, դրա համար էլ մեր հույսն, այսպես ասած, մարեց»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Վոլոդյայի ընեկրներից մեկը։

Մեկ այլ ազատամարտիկի խոսքով՝ չերևացող մի նոր պայքարի հոգեբանություն է առաջանում. ո՛չ, այս ռեժիմին.«Այսինքն այն, ինչ որ Վոլոդյան ժամանակին, մինչև կալանավորվելը ասում էր՝ ասում էր եղբայր, ես չեմ հասկանում, ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում լուծել այս հարցերը»։

Ավետիսյանի ընկերները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները այնքան, մինչև իշխանությունները ազատ արձակեն նրան։

Ավետիսյանի պաշտպանը տարակուսած է դատարանի խիստ պատժից՝ ասում է, որ հեռատես լինելու դեպքում, իշխանությունները չէին սրի առանց այն էլ լարված իրավիճակը։

Զաքարյանը հույս ունի, որ վերաքննիչ դատարանն ավելի մեղմ կվարվի ազատամարտիկի հետ։

XS
SM
MD
LG