Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիայի» օդանավերը չեն անցնում Ուկրաինայի տարածքով


Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետի խոսքով, Ուկրաինայի հարավարևելյան հատվածը, պետք է ոչ թռիչքային գոտի հայտարարվեր:

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանից չվերթներ իրականացնող միակ հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավերը չեն անցնում Ուկրաինայի օդային տարածքով։

«Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Ուկրաինա իրականացվող չվերթներին, ապա ուկրաինական երեկու ավիաընկերություն իրականացնում է չվերթներ Երևանից դեպի արևմտյան Ուկրաինայի չորս քաղաքներ։ Հայկական ավիաընկերությունը նման չվերթներ չի իրականացնում»,- փոխանցեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ռուս - ուկրաինական սահմանին երեկ կործանվել է «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ-777» մարդատար ինքնաթիռը։ Վթարը տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում, ճշտված տվյալներով, 298 ուղևոր է եղել։

Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հաղորդագրությունում ասվում է, որ օդանավը խփվել է 10 հազար 100 մետր բարձրության վրա: Այն Կիևի ժամանակով ժամը 16:20 անհետացել է Դնեպրոպետրովսկի շրջանային դիսպետչերական կենտրոնի ռադարների էկրաններից:

«Բոինգ - 777» - ը վայր է ընկել ռուս – ուկրաինական սահմանի մերձակայքում՝ Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո բնակավայրից 3 կիլոմետր դեպի հարավ - արևմուտք: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքնաթիռի կործանումից խուսափելու համար Ուկրաինայի իշխանությունները պատկան մարմինների միջոցով պետք է այդ երկրի հարավ - արևելյան հատվածը, որտեղ մարտեր են ընթանում, հայտարարեր ոչ թռիչքային գոտի։

Նշենք, որ Եվրոպայով իրականացվող թռիչքների անվտանգության պատասխանատուն «Եվրակոնտրոլն» է՝ օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը։

«Դոնեցկը և Լուգանսկը չեն հայտարարվել որպես ռազմական գործողությունների գոտի: Պետք է [այդ տարածքը] և Ուկրաինան հայտարարեր, և Ռուսաստանը՝ թռիչքների համար ոչ պիտանի գոտի: Էստեղ հիմնական մեղքը երևի «Եվրակոնտրոլի» վրա է, որ իմանալով հանդերձ․․․ Ամեն դեպքում իրենք պետք է հետևեն քաղաքական զարգացումներին, մանավանդ իրենց քթի տակ՝ Եվրոպայում, որ սենց ինչ-որ ռազմական գործողություններ են կատարվում», - ասաց Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետը:

Նա հիշեցնում է դեպքերը, երբ Լիբիայում, Իրաքում, Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով, այդ երկրների օդային տարածքները հայատարավեցին ոչ թռիչքային։

Մի շարք ավիաընկերություններ արդեն հայտարարել են, որ այսուհետ կխուսափեն արևելյան Ուկրաինայի տարածքով թռիչքներ իրականացնելուց: Այդ մասին ասել են գերմանական Lufthansa, ռուսական Трансаэро և S7, ֆրանսիական Air France ավիաուղիների ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG