Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ԵՏՀ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը՝ մինչև հոկտեմբերի վերջ


Վարչապետռ Հովիկ Աբրահամյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Վարչապետռ Հովիկ Աբրահամյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Մոսկվայում հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը թեմային:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ: Իր կարծիքը Աբրահամյանը լրագրողներին փոխանցեց հինգշաբթի երեկոյան` իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ:

Հուլիսի 8-ին Գյումրիում կայացած ճեպազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր՝ Եվրասիական միությանն անդամակցության ժամկետները պարզ կլինեն Սոչիի հանդիպումից հետո: Հուլիսի 11-ին Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հանդիպեցին, սակայն դարձյալ՝ ոչ մի հստակություն:

Եվ ահա, երեկ երեկոյան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է ի վերջո ստորագրվելու անդամակցության փաստաթուղթը: «Իմ կարծիքով՝ մինչև հոկտեմբերի վերջ», - ասաց վարչապետը:

«Դա ասվե՞լ է [Սոչիի] հանդիպման ընթացքում», - «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը կրկնեց․ - «Մինչև հոկտեմբերի վերջ»:

Լրագրողների դիտարկմանն էլ, թե այդ դեպքում «ինչո՞ւ էր նախագահը մինչև 15-ը ժամանակ խնդրում», վարչապետը արձագանքեց․ - «15 թվականից ուժի մեջ է մտնելու՝ հունվարից»:

«Մաքսակետ տեղադրվելո՞ւ է Գորիսում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին», - «Ազատության» այս հարցին Հովիկ Աբրահամյանը հակադարձեց․ - «Այս հարցին շատ հստակ պատասխան տվել եմ մեկ անգամ, երկրորդ անգամ չեմ էլ ուզում տամ»:

«Ի՞նչ եք քննարկել կոնկրետ Եվրասիական տնտեսական միության հետ կապված Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությամբ գրեթե ոչինչ ասված չէր», - լրագրողների այս հարցին վարչապետը պատասխանեց․ - «Բավարարվեք ինչ որ տարածել է մեր կառավարությունը»:

Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին

«Լևոն Հայրապետյանի կալանավորման հետ կապված ի՞նչ կասեք: Դա ճնշում չէ՞ Հայաստանի, Ղարաբաղի նկատմամբ, խոշոր գործարարները Ռուսաստանում ինչպե՞ս կարող են առանց քաղաքական հրահանգի կալանավորվել», - «Ազատության» այս հարցին Աբրահամյանը հակադարձեց․ - «Ի՞նչ հրահանգի մասին եք խոսում: Ես մի բան եմ ուզում ձեզ հորդորեմ՝ եկեք խոսենք մեր երկրի կառուցողական մեր գործերի մասին: Դուք ամեն օր ման եք գալիս ինտրիգներ, թե ինչի համար՝ չգիտեմ: Կարող են Լևոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին, էն մյուս օր՝ Սիմոնին, ի՞նչ կապ ունի մեր․․․ ինձ հետ ընդհանրապես»:

Դիտարկմանը, որ Հայրապետյանը բարերար է, Աբրահամյանը արձագանքեց․ - «Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից և շնորհակալ ենք, բայց եթե մարդիկ օրենք են խախտում և կալանավորվում են՝ դրա համար մենք ի՞նչ անենք, գնանք ասենք՝ «մեր բարերարն է, բա՞ց թողեք․․․»:

«Եթե որոշում է դատարանը, ուրեմն՝ երբ որ դատարանը որոշում կհանձնի, վճիռ կհանձնի՝ այն ժամանակ կիմանանք՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ», - հայտարարեց վարչապետը՝ հիշեցմանը, որ ասել է, թե Հայրապետյանը օրենք է խախտել, այսպես հակադարձելով․ - «Դուք եք ասել, ես նման բան չեմ ասել: Ես նկատի ունեի՝ մարդը օրենք է խախտել, մարդուն կալանավորում են՝ դա, ուրեմն, իմ գործը չի՝ դա իրավապահ մարմինների գործն է»:

XS
SM
MD
LG