Մատչելիության հղումներ

Բաքուն մտադիր է դադարեցնել համագործակցությունը Խաղաղության կորպուսի հետ


Ադրբեջան - Խաղաղության կորպուսի կամավորներ Բաքվում, արխիվ

Ադրբեջան - Խաղաղության կորպուսի կամավորներ Բաքվում, արխիվ

Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, թե ամերիկացի կամավորները կարող են երկրում հեղափոխություն հրահրել:

Ադրբեջանը ուզում է դադարեցնել համագործակցությունը ամերիկյան Խաղաղության կորպուսի հետ, հաղորդում է «Թուրան» գործակալության թղթակիցը Վաշինգտոնից՝ հղում անելով խնդրին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկ ամիս առաջ արդեն դիվանագիտական նոտա է հղել Խաղաղության կորպուսին՝ տեղեկացնելով, որ պաշտոնական Բաքուն մտադիր է կասեցնել ամերիկյան կամավորների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել էր Խաղաղության կորպուսի երկու կարևոր ծրագրերը, որոնց նպատակն էր նպաստել կրթության և անգլերենի ուսուցման բարելավմանը երկրում:

Պաշտոնական հանդիպումներում, ըստ «Թուրան»-ի, Ադրբեջանի իշխանությունները նշում են, թե ընդամենը ուզում են դադար վերցնել 2-5 տարով և պատրաստ են մի քանի ամիս անց արդեն քննարկել Խաղաղության կորպուսի հետ հնարավոր հետագա համագործակցությունը: Սակայն փաստ է, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի կառավարությունը սկսել էր մերժել ամերիկացի կամավորների մուտքը՝ առանց որևէ պաշտոնական բացատրության: Բանավոր զրույցներում էլ պաշտոնյաները պնդել են, թե այդ քայլը տրամաբանական է, քանի որ «Ադրբեջանը այլևս աղքատ երկիր չէ և նմանօրինակ օգնության կարիք չունի»:

Իրականում, սակայն, ըստ իրավապաշտպանների, պաշտոնական Բաքուն զգուշանում է ամերիկացի կամավորներից՝ մտավախություն ունենալով, թե վերջիններս կարող են երկրում հեղափոխություն հրահրել ուկրաինական սցենարով:

Մի քանի ամիս առաջ, մասնավորապես, կառավարամետ Haqqin.az ինտերնետային պարբերականը լրագրողական հետաքննություն հրապարակեց՝ պնդելով, թե արևմտյան որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ Խաղաղության կորպուսը, միլիոնավոր դոլարներ են ծախսում Ադրբեջանում ուկրաինական իրադարձությունները կրկնելու համար:

Հակակառավարական ցույցերից ու տրամադրություններից բացի, ըստ վերլուծաբանների, պաշտոնական Բաքուն նաև զգուշանում է արևմտյան ակտիվիստներից, որոնք շատ հաճախ վարկաբեկում են Ալիևի վարչակազմը՝ սոցիալական ցանցերում հրապարակած նկարներով ու մեկնաբանություններով:

Շաբաթներ առաջ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ափսոսանք էր հայտնել կամավորների հետ համագործակցությունը դադարեցնելու՝ Ադրբեջանի կրթության նախարարության որոշման վերաբերյալ և հույս հայտնել, որ պաշտոնական Բաքուն կվերանայի այն:

XS
SM
MD
LG