Մատչելիության հղումներ

Մետրոյի Սլավյանսկի բուլվար կայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 23-ամյա Աննա Բուլղադարյանին վերակենդանացման բաժանմունքից այսօր տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Էդուարդ Ջամբազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակում են հետևել Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայազգի երկու երիտասարդների՝ 20-ամյա Մերիի և 23-ամյա Աննայի առողջական վիճակին:

«Ներկայումս Քոչարյան Մերիի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, բայց երեկ կայացած ողնաշարի վիրահատությունից հետո նկատվում է կայունություն: Բուլղադարյան Աննան այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է օրթոպեդիկ բաժին, դա հուսադրող է: Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության», - ասաց Ջամբազյանը:

Մոսկվայում մետրոյի գնացքի վթարի հետևանքով զոհվածների թիվը երեկ հասել էր 23-ի, 150 մարդ այսօր էլ մնում են հիվանդանոցներում:

Դեսպանության խոսնակի փոխանցմամբ՝ տուժածների ցուցակում այլ հայեր չկան: Այս պահի տվյալներով՝ չկան հայեր նաև զոհերի նախնական ցուցակում:

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը: Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունների տվյալներով, վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ:

XS
SM
MD
LG