Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիայի արտգործնախարարը՝ Էշթոնի հավանական փոխարինող


Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Բալթյան երկրները, սակայն, դեմ են Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությանը։

Եվրոպական միության 28 երկրների ղեկավարներ չորեքշաբթի օրը մինչ ուշ երեկո հավաքվել էին Բրյուսելում՝ նշանակելու Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, ով այդ պաշտոնում պետք է փոխարինի Քեթրին Էշթոնին։

Ամենահավանականը համարվում էր Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությունը, որը, սակայն, լուրջ ընդդիմության է արժանացել վերջին օրերին․ հիմնական պատճառը, ըստ եվրոպական մամուլի, Մոգերինիի՝ Ռուսաստանի հետ չափից ավելի բարեկամական հարաբերություններ ունենալն է։

Այսպիսի մոտեցմանը դեմ են արտահայտվել հատկապես բալթյան երկրների ներկայացուցիչները, մասնավորապես Լիտվիայի վարչապետ Ալգիրդաս Բուտկևիչուսը հայտարարել էր, որ Մոգերինիի թեկնածությունը չեն պաշտպանում ո՛չ ինքը, ո՛չ էլ Լիտվայի նախագահը։

Եվրոպական միության խորհրդում Իտալիայի նախագահության ընթացքում Ֆեդերիկա Մոգերինիի առաջին արտասահմանյան այցը եղել է Կիև և Մոսկվա, որտեղ նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հրավիրել նրան Իտալիա։ 41-ամյա իտալուհու հակառակորդները պնդում են նաև, որ նա բավականաչափ փորձառու չէ և վտանգի տակ կարող է դնել Եվրոպական միության արտաքին քաղաքականության լրջությունը։

Երեկ երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը նույնիսկ հետաձգեց գագաթնաժողովի մեկնարկը երկու ժամով՝ հավելյալ երկկողմանի խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ի դեպ, հենց վան Ռոմպոյին փոխարինող կարող է ընտրվել Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտը։

Դե իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն երկու օր է ընտրվել է Ժան-Կլոդ Յունկերը։ Սա նշանակում է, որ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին ՝ ստանձնելով Եվրոպական միության ամենաազդեցիկ պաշտոնյայի դերը առաջիկա հինգ տարիների համար։

Փաստորեն, այս օրերին Բրյուսելում որոշվում են Եվրամիության երեք ամենաբարձր պաշտոնյաները, և նրանցից երկուսը հավանաբար կին կլինեն։

XS
SM
MD
LG