Մատչելիության հղումներ

logo-print

Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում նրա ձերբակալությունը


Ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ

Ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ

Վլադիմիր Հայրապետյանը վստահ է՝ եղբորը ներկայացվող բոլոր մեղադրանքները սուտ են:

Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ նրա հետ: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանին պատկանող մի շարք բիզնեսների կառավարիչ Վլադիմիր Հայրապետյանը եղբոր ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է համարում, ասում է, որ իմանալով եղբորը, տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ է՝ ռուսական լրատվամիջոցներում եղբորը վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են:

«Շատ վատ էր, գիտե՞ք, որ գնում էր, շատ վատ էր, ինքը դրա համար գնաց, ինքը ուզում էր երկար մնալ, և իր ճնշումը շատ բարձրանում է Ղարաբաղում, ինքը շատ վատ էր՝ աչքերը ուռած, բան․․․ Ինքը որ իջավ՝ ես իսկի իրեն չճանաչեցի», - ասաց Վլադիմիր Հայրապետյանը:

«Նրան հիմա ոչ մի բանի չեն թողնում մոտենալ: Ես նույնիսկ, ճիշտն ասած, չհավատացի, ասացի՝ երևի ուրիշ Լևոն Հայրապետյան է, չհավատացի, բայց որ էդ հոդվածները կարդացի, ասացի՝ հարյուր տոկոսով եղբորս հարցերն են լուծում ուղղակի․ կա՛մ քաղաքական բան է, կա՛մ․․․ Շատ կրթված մարդ է՝ փիլիսոփա, ինքը ո՞նց կարող է գողական, եսիմ, բանդիտների, բան․․․ Ամբողջը սուտ է», - հայտարարեց ձերբակալված գործարարի եղբայրը:

Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ՝ Լևոն Հայրապետյանին ձերբակալել են «Կինգիսեպսկի» խոշոր հանցավորման խմբավորման գործի շրջանակներում, որի հետ կապվում են ավելի ավելի քան 15 պատվիրված սպանություններ և մահափորձեր, որպես խմբավորման պարագլուխ նշվում է Սերգեյ Ֆինագինը:

Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Այդ ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է, պնդում է ձերբակալված գործարարի եղբայրը, ասելով, որ իր հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր:

«Եղբայրս գնաց էդ նավթային բիզնեսը, սկսեց աշխատել նրա համար, որ Ղարաբաղին օգնի՝ մենակ դրա համար: [...] Ինքը ասում է՝ «ես ուզում եմ, պետք է աղքատ մեռնեմ, ինչ որ ունեմ-չունեմ՝ պետք է տամ հայրենիքիս», - նշեց Վլադիմիր Հայրապետյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG